Արմավիրի մարզում գտնվող Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Երվանդաշատը և Բագարան գյուղաքաղաքը սահմանակից են թուրքական Կասկով և Ելինջան գյուղերին: Սահմանի բացման շուրջ դիվանագիտական կանխատեսումներին զուգընթաց՝ այս գյուղերում կրկին ակտիվացել են սահմանի բացման շուրջ քննարկումները:
Մենք այցելեցինք տվյալ գյուղեր՝ ճշտելու գյուղի բնակիչների տրամադրվածությունը: Երվանդաշատում թեև կողմ էին սահմանի բացմանը, բայց շատ էին նաև դեմ արտահայտվողները: Իսկ պատճառն այն է, որ այս գյուղում շատ էին սասունցիներն ու մշեցիները: Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանը ևս սահմանի բացման միակ դրական կողմը համարում է տնտեսական շահը: Իսկ Բագարանում բնիկ բագարանցիները նույնիսկ ուրախ էին սահմանի բացման համար, քանի որ մինչև 1988 թ.-ը նույն գյուղում ապրել են 155 ադրբեջանական ընտանիքների հետ, մի սեղանի շուրջ հաց են կիսել և քավոր-սանիկություն արել, ամուսնացել:
Թեև գյուղերը հարուստ են պատմական ժառանգությամբ, բայց իրենց առօրյա հոգսերով և ծանրացած խնդիրներով, գյուղի բնակիչների խոսքերով, նմանվել են հանգած փեթակի: Նրանք հույս ունեն, որ սահմանի բացումից հետո տնտեսական փոխհամագործակցության միջոցով իրենց գյուղերի վիճակը կբարելավվի, քանի որ մեր պաշտոնյաների վրա հույս դնելով իրենց վիճակը դեպի լավը կես քայլ էլ չի կատարել: Ի դեպ, բագարանցիները նաև զարմանքով հարցնում են. «Ո՞վ է ասել, որ թուրքերն են սահմանը փակել: Օրինակ՝ թուրքերը ներկա դրությամբ հանգիստ կարողանում են Արփաչայից ձուկ որսալ, բայց ռուսական զորքերը մեր սահմանում թույլ չեն տալիս նույնիսկ Ախուրյանի ջրից օգտվել»,- դժգոհեց գյուղի տարեց բնակիչներից մեկը: Տղաներից մեկն էլ նշեց, որ ձուկ բռնելու համար իրենց 600 հազար դրամից ավել տուգանել են, դատել: Սակայն բախտները այքանով է բերել, որ համաներման տակ են ընկել և ազատվել: Հայ-թուրքական հեռակա կարգավորված հարաբերությունների շուրջ գյուղամիջում հետաքրքիր պատմությունները շատ էին: Գյուղի բնակիչները հիշեցին, թե ինչպես են թուրքերը սահմանը հատած մեր անասունները գողացել և հետ չեն վերադարձրել, իսկ իրենցից մեկն էլ պատիվ է ունեցել համտեսելու այդ խորովածից: Նշենք, որ մեր այցելության նախորդ օրը թուրքական գյուղում հարսանիք էր եղել, իսկ մեր գտնվելու ժամանակ նշանադրության արարողություն էր, բայց այնպիսի տպավորություն էր, որ այն հենց Բագարանում է, քանի որ շատ պարզ էր լսվում երգ ու երաժշտությունը, որը հայկական երաժշտություն էր՝ պարզապես թուրքերեն լեզվով:
Մեզ հաջողվեց նաև զրուցել Բագարանի բնակիչ Կամոյի հետ, ով իր խոսքերով հատել է հայ թուրքական սահմանը և 7 օր թաքնվել «Ինչու է աղմկում գետը» ֆիլմում նկարահանված Մուշեղի քարանձավում: Հարցին, թե ինչո՞ւ սահմանը հատեց, պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը իրենից մինչ օրս ռուսներն ու թուրքերը չեն կարողացել ստանալ: «Ինձ չբռնեցին, քանի որ ինձ բռնելը հեշտ չէ: Ես հանձնվեցի, հետո ինձ նստացրեցին հարևանությամբ գտնվող Կողբի բանտում»,- պատմեց Կամոն: Իսկ այն հարցին, թե իրեն այնտեղ ինչպե՞ս էին վերաբերվում՝ պատասխանեց. «Այնտեղ շատ լավ էին վերբերվում: Էկա ստեղ ստեղից չպրծա»:
Բագարանում մենք հանդիպեցինք գյուղում հյուրընկալված երկու թուրքերի՝ ֆոտոլրագրող Ալի Սալթային, ով երկու ժողովուրդների միասնությանը և բարեկամությանը հավատում է ու փորձում ինչ-որ քայլեր անել, և նրան ուղեկցող թրքուհի Դեֆնե Չալային: Գյուղում նրանց այցելությունը մեծ ոգևորություն էր առաջացրել: Մինչ Բագարան այցելելը նրանք եղել էին հարևան գյուղերում և փորձել հայ-թուրքական սահմանի բացման հարցում պարզել նաև տեղաբնակների տրամադրությունները: Ալի Սալթայի փոխանցմամբ, սահմանի բացման շուրջ թուրքական գյուղում ե՛ւ լավ, ե՛ւ վատ մտածողներ կան, սակայն սահմանը բացելու տնտեսական շահերը ողջունողները ևս մեծաթիվ են: Մեր այն հարցին, թե իր կարծիքով՝ սահմանի բացումը իրատեսակա՞ն է. «Շատ անկանխատեսելի է, որովհետև Թուրքիան ուզեց զրո պրոբլեմ հարևանների հետ, Հայաստանի հետ սկսեց երկխոսությունը, բայց Ադրբեջանի արձագանքից հետո ստիպված էր հետ քաշվել: Ավելի շատ ոչ թե բարեկամության, եղբայրական, այլ տնտեսական շահերից ելնելով: Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնականում տնտեսական հիմքեր ունեն, քանի որ Ադրբեջանը ունի բնական ռեսուրսներ, որը Թուրքիայի համար գործոն է և չի կարող դա անտեսել: Թուրքիան ելք չունի, դրա համար Ղարաբաղի հարցով հաշվի է նստում Ադրբեջանի հետ: Չի կարող կողքից հետևել, իր քաղաքականությունը ոնց ուզում է այնպես տանել: Կարճ ասած՝ ինչ մեր գլխին գալիս է՝ քաղաքականության պատճառով է: Ժողովուրդների մեջ ընդհանրապես խնդիր չկա: Այս հարցը ժողովուրդներից դուրս է: Դրա համար շատ անկայուն է Թուրքիայի քաղաքականությունն այս հարցի շուրջ: Սա է պատճառը, որ դժվարանում եմ կանխատեսել: Օրինակ՝ երբ փոքր էի, գիտեի, թե Հայաստանը աշխարհի ծայրում է, երբ իմացա, որ այսքան մոտ ենք՝ զարմացա: Ուզում եմ ասել, որ մեզ մոտ նաև իրազեկման խնդիր կա»: Ալիի խոսքերով, 3-րդ կողմերը թույլ չեն տալիս, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը միայն Հայաստանի և Թուրքիայի խնդիրը լինի: Գործընթացին ներգրավվում են 3-րդ կողմերը, և դա շատ վատ է ազդում: «Ինչպես օրինակ Ֆրանսիայի պառլամենտը ընդունեց ցեղասպանությունը, ԱՄՆ Կոնգրեսը ամեն ապրիլի 24-ին լարվածություն է առաջացնում՝ կասի՞ Օբաման «ցեղասպանություն» բառը, չի ասի: Արդյունքում երկխոսության բոլոր ջանքերը զրոյանում և դեռ մի բան էլ հետ են ընկնում»,- ընդգծեց Ալին: Ամեն դեպքում նա համոզված է, որ ԼՂ հիմնախնդիրը շաղկապված է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և հույս հայտնեց, որ այդ հանգուցալուծումը վերջապես կլինի: «Թուրքիան հիմա օգտագործում է Ղարաբաղի խնդիրը որպես «հաղթաթուղթ» երկխոսությունն սկսելու համար: Եթե լուծվի այս խնդիրը, հավատում եմ, որ սահմանի բացումը ռեալ կդառնա»,- ավելացրեց Ալին: Մեր հարցին, թե ինչպե՞ս են հյուրերն իրենց զգում Բագարանում, հայրենով պատասխանեցին՝ շատ լավ: Չնայած ինչո՞ւ պետք է վատ զգային, եթե մարդիկ այդքան բարեհամբույր էին: Գյուղում հիմնականում դիտում են միայն թուրքական հեռուստաալիքները, օրը երեք անգամ երգում է հարևան գյուղի մոլլան, ինչը պարզ լսվում է գյուղում, չհաշված թուրքական հարսանիքները, երգն ու պարը: Բագարանյան մեր զրույցը ևս ընթանում էր մոլլայի երգի ուղեկցությամբ:










































