Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում ունենալ, հայտարարում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սա թերևս համանախագահության տարածաշրջանային ավարտված այցի հիմնական արդյունքն է։ Ուշագրավ է, որ երեկոյան տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները չեն անդրադառնում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման կազմակերպմանը՝ թեև ակնհայտ է, որ առանց երկու առաջնորդների բանակցությունների՝ նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ էական բեկում ակնկալել բանակցային գործընթացում։ Ակտիվ բանակցությունների վերսկսման ժամկետների հարցում կարծես ընդհանուր մոտեցումներ ունեն Մոսկվան և Բաքուն։ Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնը հույս էր հայտնել, որ բանակցային գործընթացը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ կարող է վերսկսվել խորհրդարանական ընտրություններից հետո։ Երեկ ժամկետների վերաբերյալ համանման դիրքորոշում էր հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Մյուս կողմից՝ բացարձակապես ակնհյատ չէ, որ Վաշինգտոնն ու Մոսկվան համանման պատկերացումներ ունեն ԼՂ խնդրի բանակցային գործընթացի շարունակության վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքին, որ Մինսկի խմբի համանախագահությունը բացառիկ հարթակ է, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հաջողությամբ համագործակցել են՝ այժմ նրանց գլոբալ հակադրությունը կարող է էապես ազդել նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա։ Վաշինգտոնը, դատելով Բոլթոնի տարածաշրջանում կատարած հրապարակային հայտարարություններից, ԼՂ խնդիրը դիրտարկում է իրանական կամպանիայի, տարածաշրւնային անվտանգության տեսլականի համատեքստում՝ առնվազն ձգտելով մեծացնել իր դերակատարությունը հակամարտության մենենջմենթի գործընթացում։ Դա, բնականաբար, պետք է հանդիպեր Մոսկվայի հակազդեցությանը ու բնավ պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքեց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հենց երևանյան հայտարարություններին։ Մոսկվայում գիտակցում են, որ տարածաշրջանում ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն կարող է վտանգել իրենց ազդեցությունն, որովհետև Ռուսաստանը ռացիոնալ որևէ նախագիծ չի կարող առաջարկել ոչ տարածաշրջանի պետություններին և ոչ էլ՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում։
Երեկ երեկոյան տարածած հաղորդագրությունում Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտնում են, որ տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին քննարկումն էր, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հաջորդ քայլերի ուրվագծումը:
«Երևանում և Բաքվում համանախագահների հետ իրենց հանդիպումների ընթացքում երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ Դուշանբեում լարվածությունը թուլացնելու իրենց հանձառությունից հետո բռնությունների մակարդակը նկատելիորեն նվազել է: Իրենց քննարկումների ընթացքում համանախագահները հավելյալ մանրամասներ են իմացել Դուշանբեի պայմանավորվածությունների, ներառյալ հաղորդակցության ուղիղ կապի հաստատման մասին: Համանախագահները ողջունել են այս զարգացումները, ողջունել կողմերին կառուցողական քայլեր իրականացնելու համար և իրենց աջակցությունը հայտնել առաջնորդների պատրաստակամությանը՝ շարունակելու իրենց երկխոսությունը»,- ասված է հայտարարությունում:
Պաշտոնական այս հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ միջնորդները պոստֆակտում են տեղեկանում Փաշինյանի ու Ալիևի՝ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ըստ այդմ՝ վստահաբար կարելի է պնդել, որ Տաջիկստանի մայրաքաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարևների «ոտքի» վրա հանդիպումն ու պայմնավորվածություններն ոչ թե Մինսկի խմբի համանախագահության, այլ՝ համանախագահ երկրնրերից մեկի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական ջանքերի հետևանքն են։ Պատահական չէ, որ Պուտինը Դուշանբե էր մեկնել Բաքվից, որտեղ բանակցություններ էր վարել Ալիևի հետ։
Այս պահին դժվարանում ենք գնահահատել, թե Դուշանբեի պայմանավորվածություններն ինչքանո՞վ են ինստիտուցիոնալ՝ հարաբերական խաղաղությունը կոնկրետ մեխանիզմներով ամրապնդելու տեսանկյունից, կամ արդյոք դրանք ռուսական ավելի համապարփակ նախագծի մա՞ս են, թե՞ լոկալ մի դրսևորում, որն ուղղված է տարածաշրջանում ստատուս-քվոյի ամրագրմանը։
Խաղաղության հաստատման ուղղությամբ ցանկացած քայլ ողջունելի է, մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ միջնորդներից մեկի թեկուզև առանձին նախաձեռնությունը ունենա մյուս երկուսի համախոհությունը, հակառակ պարագայում՝ մեծ են ռիսկերը, որ ԼՂ խնդրի շուրջ կարող է թեժանալ աշխարհաքաղաքական մրցակցությունը՝ իրավիճակը դարձնելով պայթունավտանգ։










































