Որպես նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանը այնքան վնաս է տվել Հայաստանին ու այնքան շատ խոչընդոտել տնտեսության զարգացմանը, որ հատորներ են պետք այդ ամենը նկարագրելու համար: Այստեղ, սակայն, համառոտակի կթվարկենք մի քանի առանցքային դրվագներ:
1. Քոչարյանը ջրի գնով սեփականաշնորհեց աշխատող ու նույնիսկ շահույթ ապահովող խոշոր ընկերությունները: Օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վաճառվեց 132 մլն ԱՄՆ դոլարով, որից այդ պահին վճարվեց 42 մլն ԱՄՆ դոլարը, մնացյալ 90 մլն-ը՝ հետագայում՝ շահույթի հաշվին: Մինդեռ այդ պահին կոմբինատն աշխատում էր տարեկան 20 մլն ԱՄՆ դոլար շահույթով, հաջորդող մի քանի տարում այդ շահույթը մի քանի անգամ աճեց: Ընդամենը 600 հազար ԱՄՆ դոլարով վաճառվեց Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ վաճառքի պահին առկա մետաղյա կոնստրուկցիաները որպես մետաղի ջարդոն վաճառելու դեպքում կստացվեր 6 միլիոն ԱՄՆ դոլար զուտ շահույթ: Նմանատիպ ձեռագրով 1,2 մլն ԱՄՆ դոլարով վաճառվեց Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը: Ակնհայտ է, որ այստեղ գործել են կոռուպցիոն սխեմաներ, և Քոչարյանը անձնական ֆինանսական շահագրգռվածություն է ունեցել այդ գործարքներում: Եվ այս երեք գործարքները ընդամենը կաթիլ են ծովում:
2. 2000-ականներից ոչ առևտրային նպատակով կատարվող ֆիզիկական անձանց փոխանցումները դեպի Հայաստան (արտաքին տրանսֆերտներ) կտրուկ աճեցին: 2004-2007թթ. դրանք աճում էին տարեկան միջինը 40%-ով, 2008-ին ճգնաժամի պատճառով աճը ավելի փոքր եղավ՝ 24% և կազմեց մոտ 1.75 մլրդ դրամ: Ընդ որում՝ դրանց հիմնական մասը գալիս էր բանկերով (1.4 մլրդ), սակայն մոտ 25%-ը՝ «գրպանում դրված» (համաձայն ԿԲ 2006թ. հետազոտության): Այդ տարիներին տրանսֆերտները կազմում էին Հայաստանի ՀՆԱ-ի 25-30%-ը (այժմ՝ մոտ 20%-ն են): Այսինքն՝ մտնող գումարը նշանակալի ազդեցություն ուներ տնտեսությունում, և դրա աճը չէր կարող չհանգեցնել ՀՆԱ-ի աճին: Ակնհայտ է, որ տրանսֆերտների աճի շնորհիվ արձանագրված բարեկեցության որոշակի աճը որևէ կապ չուներ Քոչարյանի վարած «լավ» տնտեսական քաղաքականության հետ: Բայց պարզվեց, որ տրանսֆերտների աճը Քոչարյանը, այնուամենայնիվ, կարող է վերածել տնտեսության համար կործանարար գործոնի: Նա (Տիգրան Սարգսյանի հետ միասին) արժևորեց դրամը՝ վատթարացնելով արտահանման պայմաններն ու կտրուկ ավելացնելով ներմուծումը: Արդյունքում Հայաստանի արտահանումը 2005-2008թթ. տատանվեց մեկ միլիարդ դոլարի շրջանակում, իսկ ներմուծումը 1.8 մլրդ դոլարից դարձավ 4.5 մլրդ դոլար:
3. Քոչարյանն արտերկրից փոխանցված տրանսֆերտները բնակչությունից «հավաքելու» և հարստություն դիզելու համար ամբողջությամբ մենաշնորհեց ներմուծման ոլորտը՝ համապատասխան «հարկեր» դնելով նրանց վրա, ում «նվիրում էր» քվոտաները: Բոլոր առաջին անհրաժեշտության և շահութաբեր բիզնեսները Քոչարյանի կառավարման տարիներին կենտրոնացվեցին մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում: Այդ ընտանիքները, Հրանտ Բագրատյանի հաշվարկների համաձայն, տնօրինում էին երկրի հարստության (ՀՆԱ-ի) 55%-ը:
4. Քոչարյանը իր և իր շրջապատի բաժին դարձրեց պահուստային գյուղատնտեսական հողերը (ընդհանուրի մոտ 20%-ը): Դա Հ. Բագրատյանի կառավարությունը չէր սեփականաշնորհել, որպեսզի հետագայում հնարավոր լինի հողով ապահովել աճող գյուղական բնակչությանը: Քոչարյանը փոփոխելով ու վերացնելով 90-ականներին հաստատված արգելքը՝ խոշոր հողատերեր դարձրեց իր մտերիմներին:
5. 2003 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկը վաճառեց 1 տոննա 396 կիլոգրամ ոսկին, որից մեր պետության վնասը այժմ գնահատվում է մոտ 40 մլն դոլար: Իհարկե, ֆորմալ առումով վաճառողը ԿԲ խորհուրդն էր, սակայն ակնհայտ է, որ առանց Քոչարյանի հրահանգի կամ համաձայնության ոսկու պաշարները չէին վաճառվի:
Չարաշահումների հաշվին Քոչարյանը, մոտ 4 մլրդ դոլարի կարողություն դիզեց և փաստացի այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է:







































