Իսրայելի իշխանությունները կարգադրել են իրականացնել մի քանի պաղեստինցի գրոհայինների աճյունների արտաշիրիմում, որոնք պետք է փոխանցվեն ընտանիքի անդամներին՝ վերահուղարկավորելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությանը: Ակցիայի նախաձեռնողների կարծիքով՝ դա կարող է նվազեցնել լարվածությունը կողմերի միջև, որոնք ներկայում բանակցություններ են վարում ԱՄՆ-ի միջնորդությամբ:
Պաղեստինցի ակտիվիստների խմբի տվյալներով՝ ընդհանուր առմամբ կփոխանցվի 36 աճյուն: Սպանված գրոհայիններից մեկի աճյունն արդեն փոխանցվել է ընտանիքի անդամներին: Իսրայելական բանակի մամլո քարտուղարը հրաժարվել է հստակեցնել փոխանցման ենթակա աճյունների թիվը և ընդգծել է, որ բանակը միայն կատարում է Իսրայելի դատարանի կայացրած վճիռը:
Տարիներ շարունակ սպանված պաղեստինցի գրոհայինների մարմինները հուղարկավորվել են հատուկ գերեզմանոցներում: Ժամանակ առ ժամանակ Իսրայելի իշխանությունները պատանդների փոխանակման կամ համաներման շրջանակներում աճյունները վերադարձրել են հարազատներին: 2012թ. Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման նախաշեմին Իսրայելը, որպես բարի կամքի դրսևորում, վերադարձրել է 91 պաղեստինցիների աճյուն:











































