Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Դանիել Կարապետյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզի 34-ամյա բնակիչ Դանիել Կարապետյանը հանցավոր համաձայնության է եկել գործով չպարզված անձի հետ և 2013 թվականի օգոստոսի 27-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում դիմակավորված մուտք է գործել Ներքին Չարբախի հողատարածքներից մեկի անասնագոմերի մոտ կառուցված տուն:
Դանիել Կարապետյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, որպես զենք օգտագործված դանակի, իսկ նրա հանցակիցը կարճափող հրացանի գործադրմամբ այդ տան բնակիչներ Սամվելի ու Գյուլիզարի կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով կպչուն ժապավենով կապել են նրանց ոտքերը, ձեռքերը, բերանները և պահանջել են գումար ու ոսկե զարդեր:
Ավարը մեծ չի եղել: Ավազակային հարձակմամբ հափշտակվել են տանտիրուհու ոսկե ականջօղերը, թվային ֆոտոխցիկ ու 9 հազար դրամ գումար:
Դանիել Կարապետյանը մեղադրվում է ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով: Կարապետյանի խափանման միջոցը կալանավորումն է:










































