ՀՀԿ-ն սկանդալ է հասունացնում. Ով է նպաստում դրան

«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ պետական ողջ ապարատը, այդ թվում՝ իրավապահ մարմինները, շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների վրա՝ ԸՕ-ի քվեարկությունն ապահովելու համար։ Ըստ թերթի՝ ՀՀԿ-ի ձեռքի տակ են հայտնվել որոշ նյութեր, որոնք վերջիններս կներկայացնեն միջազգային կառույցներին և մամուլին, որոնք ակնհայտ կդարձնեն, որ ոչ միայն կոնսենսուս չկա, այլև զոռով անցկացրած ԸՕ-ն հետևանք է քրեա-տնտեսա-քաղաքական ճնշումների։

Լրատվամիջոցի տեղեկությունը դժվար է սենսացիոն համարել, որովհետև օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում արդեն խոսել էր ճնշումների թեմայով։ Իհարկե, ուշագրավն այն է, որ ՀՀԿ գործիչները չեն նշում կոնկրետ փաստեր կամ անուններ, իսկ խմբակցությունից հեռացածները ոչ միայն ժխտում են «ճնշվելու» փաստը, այլ հանդես են գալիս «հեղափոխական» հայտարարություններով։

Երեկ օրվա ընթացում ճնշումների թեման ավելի խորացրեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ փաստելով, որ Հանրապետական խմբակցության պատգամավորները ենթարկվում են աննախադեպ ճնշումների, դա է պատճառը, որ շատերը ստորագրում են տարբեր փաստաթղթերի տակ կամ կողմ են քվեարկում մի նախագծի։

ՀՀԿ-ն քարոզչական այս կամպանիան իրականացնում է խորհրդարանի վաղվա արտահերթ նիստից առաջ, որտեղ երկրորդ փորձով քննարկվելու է ԸՕ փոփոխութոյւնների հարցը։

Խնդիրը շատ ավելի սկզբունքային է, քան կարղ է թվալ առաջին հայացքից ու թերևս կրկնենք այն, ինչի մասին խոսել ենք օրեր առաջ՝ ՀՔԾ-ն թերևս պետք է իրավական ընթացք տա Արմեն Աշոտյանի ու Դավիթ Հարությունյանի հայտարարություններին՝ դրանց իսկությունը պարզաբանելու նպատակով։ Կամ ՀՀԿ գործիչները ճիշտ են ու պատասխանատվության պետք է  ենթարկվեն գործադիր իշխանության այն ներկայացուցիչներն, ովքեր, ըստ էության, զբաղված են ապօրինի գործունեությամբ, կամ էլ՝ ՀՀԿ ղեկավար գործիչներին պետք է առաջադրվի զրպարտության մեղադրանք։ Համենայն դեպս, առաջիկա ընտրական գործընթացը զերծ պետք է պահվի շահարկումներից։

ԸՕ փոփոխությունների շուրջ բարձրացվող այս աղմուկը, բնականաբար, հատուկ նպատակ ունի ու միտված է խորհրդարանական առաջիկա արտահերթ ընտրությունների վարկաբեկմանը։ Եթե կասկածի տակ է դրվում ԸՕ փոփոխությունների ընդունման լեգիտիմությւնը, ապա նույն Վենետիկի հանձնաժողովը կարող է վերապահումներ ունենալ ընտրական գործընթացի օրինականության մասով՝ այն հիմնավորմամբ, որ օրենսդրական փոփոխությունները ոչ միայն կոնսենսուսի հետևանք չեն, այլ ընդունվել են ճնշումների միջոցով։

ՀՀԿ-ն փաստեր չի ներկայացնում ու բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ քարոզչական աղմուկի հիմքում չկան կոնկրետ դրվագներ, ու Սերժ Սարգսյանի թիմը թերևս հիմքեր է նախապատրաստում առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու ու դրանց չմասնակցելու նպատակով։ Սա վարկածներից ընդամենը մեկն է։

Չի բացառվում, իհարկե, որ երկուշաբթի օրվա նիստից առաջ ՀՀԿ-ն միտումնավոր է նման աղմուկ բարձրացնում՝ խմբակցությունից նոր առնետավազքը կանխելու համար։ Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի թիմը նման պայմաններում թերևս ձեռնպահ մնա նոր հանրապետականների հետ բանակցելու մարտավարությունից, քանի որ պարզ, սովորական, հրապարակային բանակցություններն անգամ կարող են այլ պիտակավորումներ ստանալ՝ որակվելով որպես քաղաքական ճնշում։

Սակայն կառավարության որոշ ներկայացուցիչների վարքագիծը նույնպես՝ առնվազն համարժեք չէ ստեղծված իրավիճակին ու կարող է նպաստել ՀՀԿ-ի կողմից արհեստականորեն հրարահրվող սկանդալին։ Հարցին, թե նախորդ քվեարկությանն ինքը զանգահարում էր պատգամավորներին, արդյոք այդ կերպ փորձում էր ճնշո՞ւմ գործադրել պատգամավորների վրա, երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է, որ որևէ ճնշում չի եղել: «Ես մի քանի պատգամավորի եմ զանգել, նախ, որպիսությունը հարցնելու և հասկանալու, իհարկե ճնշումների ու խնդրանքների մասին խոսք չկա, կարծիքի հարցում էր, տարբեր պատգամավորների հետ խոսակցություն ունեցել եմ»,-ասել է նա։

Անկեղծ լինենք՝ Միրզոյանի մեկնաբանությունը չափազանց խոցելի է, որովհետև այն, ինչը նա ներկայացնում է՝ որպես մտերմիկ զրույց, ցանկության դեպքում՝ ընդդիմախոսները կարող են համարել քաղաքական հետապնդում։

Ի վերջո, առաջիկա ընտրությունները կարող են օրինական լինել՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, թե որ ԸՕ-ով դրանք կանցկացվեն։ Սկզբունքորեն ԸՕ բարեփոխումները պետք են ոչ թե կառավարությանն, այլ՝ ընդդիմությանը, որովհետև օրենսդրական փոփոխություններն ավելացնում են հենց ընդդիմության ռեսուրսները։

Կարծում ենք՝ այնքան էլ արդյունավետ չէ, երբ Արարատ Միրզոյանը ԸՕ բարեփոխումների համար փորձում է նպաստել ՀՀԿ խմբակցությունից արտահոսքին, որովհետև նախկին կառավարող խմբակցությունից հեռանում են հիմնականում օդիոզ կերպարներ ու իրապես Փաշինյանի թիմի համար դժվար է լինելու հիմնավորել, որ կրիմինալ հակումներ ունեցող այս պատգամավորների քաղաքական կերպարանափոխությունը ոչ թե նրանց դեմ տրվող կոմպրոմատների, այլ՝ վերջիններիս քաղաքական հասունության հետևանք են։

Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանի թիմն ու ՀՀԿ-ն իրենց կենսունակ են զգում անտագոնիստական հարաբերությունների, հեղափոխություն-հակահեղափոխություն հակադրության առանցքում և համատեղ ուժերով հասունացնում են սկանդալ, որի տրանսֆորմացիան քարոզարշավում կարող է վերջնականապես ոչնչացնել քաղաքական համակարգը՝ այն դարձնելով «սպիտակների» ու «սևերի» հակադրության հարթակ։