Ամերիկացի Ջիմ Մաքանթսը առողջության ամրապնդման համար կանաչ թեյի հաբեր էր ընդունում, մինչև որ բժիշկները նրան չասացին, որ լյարդի փոխպատվաստման կարիք ունի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մաքանթսի խոսքերով՝ նա հաստատ որոշել էր առողջ ապրելակերպ վարել հիսունից հետո։ Ամերիկացին խոստովանել է, որ իր հայրը 59 տարեկանում է մահացել՝ ինֆարկտից, և իրեն միշտ վախեցրել է հոր ճակատագիրը կրկնելու հեռանկարը։
Ջիմ Մաքանթսը երբեք չի ծխել և ալկոհոլը չի չարաշահել։ Դեղամիջոցներին նա նույնպես կասկածանքով էր վերաբերվում, համարելով, որ քիմիան միայն կեղտոտում է օրգանիզմը։ Կանաչ թեյի հաբերը նա սկսել է օգտագործել, երբ տեսել է գովազդը, որտեղ ասվում էր, որ կենսաակտիվ հավելումները հակաօքսիդանտներ են պարունակում և դրանց ընդունումը նպաստում է նիհարելուն, ինչպես նաև պաշտպանում է հիվանդություններից, այդ թվում՝ սրտի հիվանդություններից և քաղցկեղից։
Տղամարդը ընդունել է հավելումները երեք ամսվա ընթացքում։ Մի անգամ կինը նկատել է, որ Ջիմի դեմքը և աչքերը դեղնել են։ Նրան հիվանդանոց են տեղափոխել, իսկ երեք շաբաթ անց բժիշկները հայտնել են, որ շտապ պետք է լյարդի փոխպատվաստում արվի։
Մեկնաբանելով այս դեպքը՝ Ուեյք–Ֆորեսթ համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Գերբերտ Բոնկովսկին նկատել է, որ չնայած կանաչ թեյը մարդու առողջության համար անվտանգ է, կանաչ թեյի՝ հավելումների տեսքով խտացված հաբերը օրգանիզմի համար որոշակի վտանգ են ներկայացնում։
Ներկայումս Ջիմ Մաքանթսը դատի է տվել կանաչ թեյի հաբերը վաճառող ընկերությանը։









































