ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետարանների և համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր` պայմանավորված նոր ֆինանսական տարվա մեկնարկով:
Ա. Գևորգյանը կարևորել է սեղմ ժամկետներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` հաշվի առնելով, որ կառավարության վերջին նիստում արդեն ընդունվել են համապատասխան որոշումները, մասնավորապես` հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման լրամշակված բանաձևը: Նա միաժամանակ հորդորել է հետևողական լինել, որպեսզի թե մարզպետարանների, և թե համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատավարձերի վճարումների ուշացումներ չլինեն:
Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր 2014 թ-ին կառավարության կողմից հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի, ինչպես նաև սերմացուի հատկացման ծրագրերին և դրանց իրականացման մեխանիզմներին: Մարզպետները ներկայացրեցին մարզերում առկա պահանջարկի վերաբերյալ տվյալներ: Անդրադարձ եղավ նաև ծրագրերի իրականացման մեխանիզմների արդյունավետության խնդրին:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ա. Գևորգյանը մարզպետներին առաջարկել է մեկ անգամ ևս տեղերում` համայնքների ղեկավարների, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել աջակցության մեխանիզմների արդյունավետությունը և սեղմ ժամկետներում առաջարկություններ ներկայացնել, որպեսզի կառավարությունը կարողանա ժամանակին իրագործել ծրագրերը:
Քննարկվել են նաև Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից մարզերում իրականացվող աշխատանքներին, գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Կարևորելով նշված կենտրոնների առկայությունը` միաժամանակ նշվեց դրանց գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև արտերկրում գործող նմանատիպ կառույցների դրական փորձը:
Մարզպետների հետ խորհրդակցությունից հետո փոխվարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Կապանի, Գավառի և Աշտարակի քաղաքապետների հետ, մասնակցում էին նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզպետները:
Քննարկվել են նշված համայնքների 2014թ. բյուջեներին և դրանց կատարմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը Գեղարքունիքի մարզպետի և Գավառի քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց նաև «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի կողմից իրականացված վերջին ուսումնասիրության վրա, որում ամփոփված են մարզի մի շարք համայնքներում, այդ թվում` Գավառում, կատարված հետազոտությունների արդյունքները: Նա առաջարկեց ծանոթանալ հետազոտությանն ու արձանագրված նկատառումները հաշվի առնել հետագա աշխատանքներում:
Քննարկվել են նաև քաղաքային համայնքներում իրականացվող ծրագրերին առնչվող և ընթացիկ այլ հարցեր:










































