Գերմանիայի մեծությամբ երկրորդ քաղաք Համբուրգում հայտարարվել է «Կանաչ ցանց» նախագիծը կյանքի կոչելու մտադրության մասին: Համաձայն դրա՝ մինչ 2034 թվականն անձնական ավտոմեքենաներին փոխարինելու կգան հեծանիվներն ու հասարակական տրանսպորտը՝ հայտնում է Motors պորտալը:
Ներկայում քաղաքաշինարարներն արդեն ծրագրում են այգիների ու հրապարակների միջով հեծանվային երթուղիներ անցկացնել: Նշվում է, որ այգիներն ու հրապարակները կազմում են Համբուրգի տարածքի մոտ 40 տոկոսը:
Նախագծի հեղինակների կարծիքով՝ նշված վերափոխումները թույլ կտան ոչ միայն զգալիորեն նվազեցնել մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումը, այլև նվազեցնել ջրհեղեղի ռիսկը:
Նման նախագիծ արդեն իրականացնում են Կոպենհագենի իշխանությունները: Նրանց որոշմամբ՝ քաղաքում կառուցվում է 26 հեծանվային երթուղիներից կազմված ցանց, որը տանում է արվարձաններից դեպի Դանիայի մայրաքաղաքի կենտրոն:









































