Հոկտեմբերի 29-ին խորհրդարանը արտահերթ նիստում կանի Ընտրական օրենսգրքի փոփոխության ևս մի փորձ, որի հատկապես աշխույժ նախաձեռնողը ոչ թե կառավարությունն է, այլ ԲՀԿ-ն, դրանով իսկ ցույց տալով, որ առկա օրենսգրքով և վարկանիշային ընտրակարգով ընտրության հեռանկարը խնդիր է ավելի շուտ այդ կուսակցության համար: Եվ ոչ միայն ԲՀԿ-ի համար, այլ, թերևս, բոլոր մյուս ուժերի: Ստեղծված իրավիճակը իսկապես հետաքրքիր է: Նախ, հազիվ թե մի քանի օր անց տեղի ունենալիք արտահերթ նիստը փոխի որևէ բան: ՀՀԿ-ն դարձյալ կմերժի մասնակցությունը, իսկ դա բավարար կլինի օրենսգիրքը չփոխելու համար: Այդպիսով կստեղծվի ուշագրավ վիճակ, երբ քաղաքական ուժերը ստիպված կլինեն պայքարել նաև վարկանիշային ընտրակարգով: Ընդ որում՝ այստեղ գործնականում այդ, այսպես ասած, քաղաքական անհրաժեշտությունից կարող է զերծ լինել միայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, որն ակնհայտորեն խաղադրույք է անում համամասնական հաղթանակի վրա և անկասկած է, որ կապահովի այն, առնվազն 70 տոկոսի շրջանակում, որը սահմանադրորեն գծված գիծն է խորհրդարանական իշխանության և ընդդիմության միջև: Թաքնված մեծամասնական, ռեյտինգայինի կարիք Նիկոլ Փաշինյանը չունի:
ՀՀԿ-ն ռեյտինգային համակարգը սահմանեց հենց այն բանի համար, որպեսզի փոխհատուցի իր համամասնական անկարողությունը: Անկասկած էր, որ համամասնականը ՀՀԿ-ի համար իրականում քողն էր, իսկ բուն ձայները բերվելու էին և բերվել էին ռեյտինգային ընտրակարգով: Դրա շնորհիվ էր, որ հնարավոր եղավ, մի կողմից, բացարձակ մեծամասնություն խորհրդարանում՝ երկրում կառավարումից հանրային ահռելի դժգոհության պայմաններում, իսկ մյուս կողմից՝ հնարավոր եղավ այդ ամենն անել անաղմուկ, որպեսզի դժգոհություններ չլինեն արտերկրից, քանի որ Սերժ Սարգսյանի համար դա կարևոր հանգամանք էր իր երրորդ ժամկետի կամ վարչապետության խնդրի շուրջ արտերկրի ուժային կենտրոններում քաղաքական քննարկումների գործընթաց սկսելու համար:
Ներկայումս՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ՔՊ-ի կամ «Իմ քայլը» դաշինքի, մյուս ուժերը, որոնք մասնակցելու են խորհրդարանի ընտրությանը, կունենան ռեյտինգայինի անհրաժեշտություն, որովհետև նրանց համամասնական տոկոսների, այսպես ասած, հեռանկարը այնքան էլ մեծ չէ: Իսկ երբ դրան գումարվում է այն, որ տեղերում աշխատելու հնարավորություն է ստանում ՀՀԿ-ն, իհարկե գործադիր իշխանության աչալուրջ հայացքի ներքո, սակայն քաղաքական ամենատարբեր շահառությունների պայմաններում, ապա հասկանալի է դառնում, որ ռեյտինգայինը բաց թողնելն այդ ուժերի համար կարող է դառնալ ոչ ճակատագրական իհարկե, սակայն եղած առանց այդ էլ ոչ մեծ հեռանկարի կամ հնարավորության շոշափելի նվազում:
Սակայն դրանով չի ավարտվում ամեն ինչ, այլ, թերևս, միայն կարող է սկսվել: Որովհետև եթե ՀՀԿ-ն գնա ռեյտինգային համակարգի և փորձի առավել ևս ծածկել շատ ընտրատարածքներ, կամ ընդհանրապես բոլորը, ապա մյուս ուժերը, կամա թե ակամա, սկսելու են աշխատել ոչ միայն իրենց, այլ նաև իշխանության համար: ՀՀԿ թաքնված մեծամասնական ռեյտինգային թեկնածուների առկայությունը մեծ հավանականությամբ ստեղծելու է վիճակ, երբ, կամա թե ակամա, մյուս ուժերն էլ իրենց ռեյտինգայինների միջոցով սկսելու են պայքարել ՀՀԿ ներկայացուցիչների դեմ: Այլ կերպ ասած՝ նրանք, կամա թե ակամա, իրենց աշխատանքով կատարելու են կամ առաջ են տանելու նաև իշխանության գործը: Մոտավորապես հայտնի մուլտֆիլմի նման, երբ գորտի հյուրերը իրենց համար զբաղվում էին, սակայն պարզվում էր, որ աշխատում էին տանտիրոջ համար, օգնելով նրան կատարել մի շարք տնային աշխատանքներ: Ըստ էության, Ընտրական օրենսգրքի փոփոխության փորձի տապալումից հետո Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվում է այդպիսի մի իրավիճակ: Թեև, խոշոր հաշվով, իհարկե, խնդիրներ այդ ուժերի համար, որպես այդպիսին, չեն ավելանում, քանի որ նրանք տեղերում այսպես, թե այնպես պետք է առավել, բազմապատիկ ավելի ակտիվ լինեին, քան իշխանությունը, հաշվի առնելով հեղափոխության հայտնի գործոնը: Տվյալ պարագայում բուն հանգամանքը այն է, որ ռեյտինգային ընտրակարգի պահպանման և այդպիսով ՀՀԿ-ի համար որոշակի տեղային հնարավորությունների ավելացման պարագայում այդ ակտիվ աշխատանքը ստանում է հենց այն իմաստը, ինչը առկա էր վերը նկարագրված մուլտֆիլմում:









































