Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ 3:1 հաշվով առավելության հասնելով «Լեսթերի» նկատմամբ: Հանդիպման սկզբնամասում ավելի լավ տպավորություն թողեցին «Լեսթերի» ֆուտբոլիստները, որոնք կիրառելով պրեսինգ թույլ չէին տալիս մրցակցին վտանգավար պահեր ստեղծել: «Լեսթեր»-ի ճնշման տակ զգացնել էր տալիս, որ լոնդոնյան ակումբի պաշտպանությունն այն չէ: Բացառությամբ կենտրոնական պաշտպան Մուստաֆիի, մյուս երեք պաշտպանները՝ հատկապես Հոլդինգը շարունակ սխալներ էր թույլ տալիս: Բարձրության վրա չէին նաև վինգերները՝ Բելերինն ու Լիխշտայները:
Բելերինը, որը ակտիվորեն միանում էր գրոհների ուղղակի չէր հասցնում ժամանակին նահանջել: Հենց նրա սխալի արդյունքում էլ հյուրերը բացեցին հաշիվը: Ստեղծված իրավիճակում «Արսենալին» առաջ մղեց թիմի առաջատար Մեսութ Օզիլը, որը իր վրա վերցնելով խաղը ուղղակի ճեղքեց «Լեսթերի» դիմակայությունը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին կեսում այնքան էլ ակտիվ չէր: Ավելի ստույգ «Լեսթերի» խիտ պաշտպանության պայմաններում Մխիթարյանը տարածություն չէր ստանում: Երկրորդ կեսում մեր ֆուտբոլիստը այսպես ասած մտավ խաղի մեջ և ուներ դարպասը գրավելու մի քանի հնարավորություն: Վստահ ենք պատկերը բոլորովին այլ կլիներ, եթե Մխիթարյանն օգտագործեր գոլային պահերից մեկը: Հայ ֆուտբոլիստը թեև վատ տպավորություն չի թողնում, այնուամենայնիվ տևական ժամանակ չի կարողանում աչքի ընկնել: Հարձակմանը սրություն հաղորդելու նպատակով «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին որոշակի ռիսկի դիմելով Լիխշտայների փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Պյեր Էմերիկ Օբամեյանգին: Թիկունքն ամրացնելու համար էլ Էմերին 61-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց Գենդուզիով:
Էմերիի մարտավարական քայլն անմիջապես տվեց իր արդյունքը: Ընդամենը 3 րոպեում Օբամեյանգը դուբլ ձևակերպեց վճռելով հանդիպման ելքը: 8-րդ տուրում էլ փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին Օբամեյանգը դարձել էր դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Փաստորեն, գաբոնցի հարձակվողը դարձել է «Արսենալի» պոռթկման հիմնական խթանը: Նշենք, որ բոլոր երեք գնդակները «Արսենալը» խփեց դասական կոմբինացիաների արդյունքում, ինչը խոսում է հագեցած տնային աշխատանքի մասին: Էմերիին կարծես թե հաջողվել է մոտիվացնել ֆուտբոլիստներին ու հիմա «Արսենալը» իրական հնարավորություն ունի մրցանակային եռյակի համար պայքարելու: Հանդիպումից հետո Օզիլը, թվիթերյան իր էջում գրել է «Կարծում եմ այս երեկո մենք սեքսուալ ֆուտբոլ ցուցադրեցինք: Հպարտ եմ այս ակումբի ավագը լինելու համար»: Ունայ Էմերին «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել էր, որ իրենք 3 միավոր վաստակեցին հանդիպման վերջին 30 րոպեներին սրտով խաղալու արդյունքում: «Մենք ցանկալի արդյունքի հասանք այն պահից, երբ սկսեցինք խաղալ սրտով: Առաջին 30 րոպեներին մենք չէինք կարողանում վերահսկել խաղը, ինչի հետևանքով էլ տառապում էինք: Բայց մենք երջանիկ ենք, քանզի խաղի ընթացքն արտահայտեց նաև մեր ներուժն ու ինքնատիպությունը: Ուղղակի անհրաժաշետ էր, որ մենք վերակառուցենք խաղը և ներդնենք ոգի հաղթանակի հասնելու համար: Ներկայում մեր առաջնային խնդիրն է ավենացնել գնդակը վերահսկելու ժամանակահատվածը: «Լեսթերի» դեմ մեր իրական կարողությունները ցուցադրեցինք միայն 60 րոպե: Խոստովանեմ նաև, որ հաղթանակի կայացման հարցում էական դեր խաղաց մարզադաշտի մթնոլորտը: Երկրպագուները ողջ հանդիպման ընթացքում ֆուտբոլիստներին լիցքավորեցին դրական էներգիայով»,- նշել է Էմերին:
Վերջինս չի ցանկացել առանձնացել թիմի ավագ Մեսութ Օզիլին մասնավորապես ասելով․ «Մեսութիի կողքին կան ևս 10 ֆուտբոլիստներ որոնք լրացնում են մեկը մյուսին: Նախորդ խաղում մենք խաղացինք երկու հարձակվողներով և տպավորիչ հաղթանակ տարանք: Այո, Օզիլը լավ հանդիպում անցկացրեց, բայց ես հավատում եմ մյուս բոլոր ֆուտբոլիստներին, որոնք իրենց խաղային օղակներում կոնկրետ խնդիրներ են լուծում: Այս հաղթանակից հետո «Արսենալը» 21 միավորով շարունակում է մնալ 4-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր ունեն նաև 3-րդ հորիզոնականում գտնվող «Չելսին» և լավագույն հնգյակը եզրափակող «Տոտենհեմը»: Առաջին հորիզոնականում «Մանչեսթեր Սիթին» է, որն ունի 23 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև «Լիվերպուլը», սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է մանչեսթերյան ակումբին: Ընդամենը երկու օր անց «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում հյուրընկալվելու է Լիսաբոնի «Սպորտինգին»: Հոկտեմբերի 28-ին էլ Էմերիի թիմն արդեն Պրեմիեր լիգայում մրցակցի հարկի հանդիպելու է «Կրիստալ Փելեսին»:
Փաստորեն, 3 օրվա ընթացքում «Արսենալը» անց է կացնելու մրացաշարային առումով երկու կարևոր հանդիպում: «Սպորտինգին» հաղթելու դեպքում լոնդոնյան ակումբը ենթախմբում կամրապնդվի առաջին հորիզոնականում:








































