Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ անօրինական զինյալ խմբավորումների առաջնորդ Դոկու Ումարովը մահացած է: Ռուսական հատուկ ծառայություններում այդ տեղեկությունը չեն հաստատում:
«Մենք վաղուց 99 տոկոսով վստահ էինք, որ Դոկու Ումարովը ոչնչացվել է օպերացիաներից մեկի ժամանակ: Այժմ ապացույցներ կան, որ նա ողջ չէ»,- Կադիրովի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
«Նա իսկապես ոչնչացվել է՝ չնայած նրա մարմինը դեռևս չեն գտել: Մենք այն փնտրում ենք»,- ընդգծել է Ռամզան Կադիրովը:
Նրա խոսքերով՝ գոյություն ունի Կաբարդայի և Դաղստանի, այսպես կոչված, էմիրների խոսակցության ձայնագրությունը, որում նշվում է՝ քանի որ Ումարովը մահացած է, պետք է ընտրել «Կովկասի էմիրության» նոր «էմիր»: Կաբարդինյան «էմիրն» այդ դերում առաջարկում է Դաղստանի ղեկավարին, իսկ դաղստանցի բանդիտները պնդում են, որպեսզի «էմիր» դառնա ծագումով Չեչնիայից ոմն Վադալով:
Կադիրովը, սակայն, նշում է, որ Ումարովի՝ մահացած լինելու փաստը հաստատող մանրամասն տեղեկություններ չունի:











































