ՀՀ ֆինանսների նախարարությունը մի քանի դիտողություն է արել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կապակցությամբ, որը հաստատվելու է կառավարության այսօրվա նիստում:
Հիշեցնենք` 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի համաձայն` մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20%-ի (մեր կառավարությանը պատկանող) առուվաճառքի պայմանագրի կնքումը:
Ո՞վ պետք է գրանցի բաժնետոմսերի իրավունքները: Նախարարությունը անհիմն է համարել այն, որ բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների գրանցումը պետք է իրականացնի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: «Պայմանագրի նախագծի 2-րդ գլխի ամբողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների գրանցումը պետք է իրականացվի նախարարության հաշվին, ինչը համարում ենք ոչ հիմնավոր, քանի որ իրավունքների գրանցման կամ չգրանցման հետ կապված` նախարարությունը որևէ տնտեսական շահ չի կարող ունենալ: Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք խնդրո առարկա գլուխը շարադրել այն տրամաբանությամբ, որ բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված բոլոր տեսակի պարտավորությունները իրականացվեն «Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից և հաշվին»,- առաջարկել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Այս դիտողությունը, սակայն, հաշվի չի առնվել՝ այն պատճառաբանությամբ, թե ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախարարության փոխարեն կվճարի «ՀայՌուսգազարդը»` շուրջ 2,5 մլն դրամ, և բյուջեի միջոցներից վճարում չի լինելու: Այդ պատճառաբանությունն, իհարկե, անհեթեթություն է, քանի որ խնդիրը ոչ այնքան գումարն է, որքան այն, որ տվյալ դեպքում գնորդը («Գազպրոմը») պետք է զբաղվի իրավունքների գրանցմամբ, ոչ թե վաճառողը (կառավարությունը): Եվ այստեղ արդեն նշանակություն չունի՝ կառավարության (վաճառողի) փոխարեն ինչ-որ մեկը դա կանի՞, թե՞ ոչ, հատկապես, որ մեր կառավարությունը առաջին անգամ չէ, որ ստում է նման հարցերում:
Ինչո՞ւ նախարարությունը պետք է ապահովի «Գազպրոմի» 100% բաժնետեր լինելու պայմանը և պատասխանատվություն կրի հակառակ դեպքում: Պայմանագրի 3.2-րդ կետով Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համար պատասխանատվություն է նախատեսվում, եթե պայմանագրի առարկա հանդիսացող բաժնետոմսերի փոխանցման արդյունքում «Գազպրոմ» ԲԲԸ-ն չդառնա 100 տոկոս բաժնետեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում: «Նմանատիպ դրույթի սահմանումը չի կարող ոչնչով հիմնավորված լինել և բխել նախարարության շահերից` այն առումով, որ նախարարությունը հանդես է գալիս որպես վաճառող, որի հիմնական պարտականությունը գույքը որպես սեփականություն գնորդին հանձնելն է` դիմացը վարձատրություն ստանալու պայմանով: Տվյալ պարագայում անհասկանալի է, թե նախարարությունը` որպես վաճառող կողմ, ինչու պետք է ապահովի «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր լինելու պայմանը: Նշվածի ռիսկայնությունը կայանում է նրանում, որ եթե ինչ-ինչ պատճառներով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի քանակն ավելանա, ապա նախարարությունն իր վրա պարտավորություն կվերցնի` 63 մլրդ 333 մլն 900 հազար ՀՀ դրամով հետ գնելու վաճառված բաժնետոմսերը»,- ասված է Ֆինանսների նախարարության դիտողության մեջ:
Այս դիտողությունը ևս չի ընդունվել՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն Հայկական կողմը` ՀՀ կառավարությունը, պետք է ապահովի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում իր բաժնեմասի վաճառքը ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին այնպես, որպեսզի «Գազպրոմ» ԲԲԸ-ին պատկանող բաժնետոմսերի քանակը կազմի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 100%-ը»:
Վաճառքի գումարը որպես փոխհատուցում կտրվի «ՀայՌուսգազարդին»:
Ֆինանսների նախարարության մյուս դիտողությունը վերաբերում էր նրան, որ պայմանագրի կողմ պետք է հանդիսանա ոչ թե նախարարությունը, այլ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս նախարարության: Այս դեպքում ևս համարվել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Որոշ ոչ էական դիտողություններ արել է նաև ՀՀ արդարադատության նախարարությունը, որոնք ևս չեն ընդունվել:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պայմանագրի ստորագրումից հետո «Գազպրոմից» ստացված դրամական միջոցների հաշվին ՀՀ կառավարությունը կփոխհատուցի «ՀայՌուսգազարդին»՝ ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ձեռք բերված բնական գազի գնման փաստացի գնի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագների հաշվարկում դրված մեծության տարբերության» պատճառով:










































