Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր մեկնել է Մարալիկ։ Մինչ մեկնելը մարալիկցիներին և առհասարակ բնակչությանը նա կոչ է արել ցուցաբերել հանդուրժողականություն, նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ադեկվատ չեն։ Սանասարյանի մեկնելու պատճառը Մարալիկում երեկ տեղի ունեցած տհաճ միջադեպն էր, որը, դատելով սոցիալական ցանցերում տեղ գտած բուռն արձագանքներից, զարգանալու վտանգավոր միտում ունի։
Երեկ Մարալիկ քաղաքում 15-20 հոգանոց խումբը կազմակերպված հարձակում է գործել «ԱդեկվաԴ»-ի նկարահանող խմբի վրա՝ լրագրողներին տեղեկացրել է հաղորդման վարողներից Նարեկ Մալյանը։ «Նրանք պահանջեցին, որ մենք կյանքի սպառնալիքի տակ լքենք Մարալիկը, ինչին մենք չենթարկվեցինք։ Րոպեների ընթացքում նրանք շատացան՝ դառնալով 10-15 հոգի, ըստ էության, սա կազմակերպված էր, քանի որ մենք նախապես ուղերձ էինք հղել, թե ուր ենք գնում»,- պատմել է նա։ Մալյանը պնդում է, որ իրենց սպառնացել են Նիկոլ Փաշինյանի «խուլիգանները»՝ «հակահեղափոխության» դեմ պայքարի շրջանակներում։
Մինչ բուն միջադեպին անդրադառնալը՝ նկատենք, որ Մարալիկի դրաման երկշերտ է, որտեղ տեղական լոկալ ճգնաժամը գլոբալացվում է՝ տևական ժամանակ լուծում չստանալուց հետո։ Մարալիկի բնակիչների մի զգալի հատված հայկական հեղափոխության ժանրով պահանջում է քաղաքապետի հրաժարականը, որն, իր հերթին, բողոքավորներին հակադարձում է մոտավորապես քրեաօլիգարխիայի կանոններով։ Դավիթ Սանասարյանը կամ կառավարությունից որևէ այլ պատասխանատու Մարալիկ պետք է մեկնեին շատ ավելի վաղ. հիմա արդեն ճգնաժամը խորացել է՝ ավելի բարդացնելով փոխզիջումային տարբերակների փնտրտուքը։
Սանասարյանը օրերս արդյունավետ լուծեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ճգնաժամը, երբ գործող գյուղապետը գնաց ինքնահրաժարման ճանապարհով՝ ընդսմին նոր ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելով։ Մարալիկում մի փոքր ավելի բարդ է լինելու. մասշտաբն ավելի մեծ է, հեղափոխությունն ու հակահեղափոխությունն այս քաղաքում հարմար դիրքավորվել են՝ իրենց տեղական «բանակներով» ու առանձնահատկություններով։ Հենց այս համատեքստում էլ Մարալիկում քաշքշել են «ԱդեկվաԴ»-ի տղերքին, որոնք, չնայած հաղորդման անվանմանը, իրենց բավականին էպատաժային հաղորդումներով հաճախ են սադրում իրավիճակը՝ ծաղրի ենթարկելով այն ամենը, ինչն ըստ էության կապված է հեղափոխության հետ։
Սակայն այստեղ կանգ առնենք ու ցրենք բոլոր այն տպավորությունները, թե արդարացնում ենք երեկվա բռնության հեղինակներին։ Հեղափոխություն տեղի չի ունեցել այն բանի համար, որ «անձեռնմխելի» Սերժ Սարգսյանին փոխարինի «ֆետիշացած» Նիկոլ Փաշինյանը։ «ԱդեկվաԴ»-ի տղաների շատ հաղորդումներ գուցե իսկապես անդուր են ու շատերին կարող են դուր չգալ, սակայն դա այլընտրանքային տեսակետ է, դիրքորոշում, որը հնչելու իրավունք ունի, ու դրա հեղինակները պետության կողմից նույնքան պաշտպանված պետք է լինեն, որքան հեղափոխության մոլի կողմնակիցները։ Եթե այդպես չլինի, ապա անհասկանալի կդառնա՝ ինչու ենք հեղափոխություն արել, որի նպատակը ոչ թե կուռքերի փոխատեղումն է, այլ դեմոկրատիան անշրջելի դարձնելը։
Երեկվա միջադեպը դաս պետք է լինի «ԱդեկվաԴ»-ի հեղինակների համար, որովհետև նրանք շատ հաճախ այլընտրանքային տեսակետը շփոթում են հասարակությանը սադրելու հետ, որը բերում է նման հետևանքների։ Մյուս կողմից՝ հեղափոխությունը պետք է հասարակությանը չվերածի միայն «սև» ու «սպիտակ» ճանաչող քաղաքական «դալտոնիկների», որոնք զոմբիացած հարձակվեն ամեն ինչի վրա, որն իրենց «սև» է թվում։ Բանական ձայներն ասում են, որ Նարեկ Մալյանի ու Արթուր Դանիելյանի հետ կապված միջադեպը լավ շանս է, որ նոր իշխանությունը իր բոլոր ընդդիմախոսներին ապացուցի, որ նոր Հայաստանում օրենքը պաշտպանում է բոլորին, այդ թվում ու առաջին հերթին՝ այլընտրանքային կարծիք ունեցողներին։ Սա է միակ ռացիոնալ ճանապարհը։
Եթե հեղափոխության մակերեսային պաշտպանությունը ծնելու է «զոմբիների» բանակ, իսկ իշխանության ինքնանպատակ քննադատությունը հանգեցնելու է ոչ ադեկվատ այլախոսության, ապա իռացիոնալ այս հակադրության թիրախը դառնում է քաղաքացին, որն ավելի շատ գույներ տեսնելու ու մեծ ընտրություն կատարելու իրավունք ունի։ Ինչպես կասեր նորօրյա դասականը՝ մենք «սպիտակների» ու «սևերի» կրկեսի վերածելու հայրենիք չունենք։










































