Վաշինգտոնը, ինչպես նախկինում, համարում է, որ Իրանին պետք չէ հրավիրել «Ժնև-2» համաժողովին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Պետդեպի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆին:
Հարֆի խոսքերով՝ Քերին Իրանին չի հրավիրել՝ մասնակցելու «Ժնև-2»-ին: «Նա բաց կերպով չի արտահայտվել այն մասին, թե Իրանն ինչ-որ դեր կարող է խաղալ և, իհարկե, համաժողովին մասնակցելու չի հրավիրել»,- ասել է Հարֆը՝ մեկնաբանելով Քերիի` Փարիզում անցկացրած մամլո ասուլիսը: Հարֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը Իրանի՝ «Ժնև-2»-ին մասնակցելու վերաբերյալ չի փոխվել: Ըստ Վաշինգտոնի՝ Իրանը նախ հրապարակավ պետք է ընդուներ «Ժնև-1»-ի հանդիպման կոմյունիկեն, որպեսզի քննարկվեր նրա մասնակցությունը նախարարների մակարդակով համաժողովին:
Սակայն «ԱՄՆ վարչակազմը չի տեսնում նախանշաններ, որ Իրանը պատրաստվում է աջակցել «Ժնև-1»-ի սկզբունքներին»:
Այսպիսով, ԱՄՆ-ի կարծիքով՝ «Ժնև-2»-ին Իրանի մասնակցության հավանականությունը «չափազանց փոքր է», և ամերիկյան իշխանությունները տվյալ պահին չեն «ազդարարում նրան հրավիրելու մասին»:










































