«Դա ֆորս-մաժորային իրավիճակում կայացված որոշում էր և դրա պատճառները, բնականաբար, քաղաքական են։
Նրանց փոխարինողներն առաջին հերթին պետք է լինեն քաղաքական թիմի անդամ, երկրորդը՝ պրոֆեսիոնալ, տվյալ ոլորտի գիտակ և պատրաստված, բավարար փորձառություն ունեցող, համակարգային մտածողություն և ռազմավարական հայացք ունեցող անձինք, որովհետև այդ գերատեսչությունները ևս այդպիսին են՝ հատկապես տնտեսական բլոկը, այսինքն՝ դրանք բոլորը, ըստ էության, ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտներ են և պատահական մարդիկ չեն կարող ղեկավարել դրանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ»-ի կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հավաքված հազարավոր քաղաքացիների ներկայությամբ ստորագրեց այդ նախարարներին աշխատանքից ազատելու մասին հրամանագրերը։ Այդ նախարարներն են՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, գյուղատնտեսության նախարար՝ Արթուր Խաչատրյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը:
Այս համատեքստում մեր զրուցակիցը հավելեց նաև․ «Լավ կլիներ, որ ներսից այդ համակարգերի նշանակումներն արվեին, այսինքն, եթե կան համապատասխան թեկնածուներ, ովքեր առավելագույնս լավ աշխատել են տեղակալ կամ առանցքային վարչությունների պետեր և կարող են ստանձնել այդ ոլորտի պատասխանատվությունը, ապա ճիշտ կլինի, որ հենց այս փուլում էլ նրանք նշանակվեն որպես նախարար, որովհետև մեծ հաշվով դա ժամանակավոր նշանակում է լինելու՝ մինչև արտահերթ ընտրություններ, որից հետո արդեն համակարգային ծրագրերի և կառավարման նոր մոտեցումներ պետք է որդեգրվեն»։
Տնտեսագետը գտնում է, որ տվյալ դեպքում կուսակցական պատկանելությունը պարտադիր չէ։
«Ճիշտ է՝ մեծ հաշվով դա քաղաքական պաշտոն է և առաջին հերթին ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, բայց ամենակարևորը մասնագիտական պրոֆեսիոնալ հատկանիշներն են, արագ կողմնորոշվելու և բարդ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու կարողությունը, ինչպես նաև ռազմավարական մտածողությունն ու տեսլականը՝ տվյալ ոլորտի զարգացման և առաջընթացի վերաբերյալ։
Կարծում եմ՝ այդպիսի կադրեր հիմա կան և ընդհանրապես նման ֆորս-մաժորային զարգացումների պարագայում՝ պոտենցիալ թեկնածուներ պետք է լինեն, որովհետև ցանկացած քաղաքական ուժ, որն իր մտահորիզոնում ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու տեսլական, ապա, բնականաբար, պետք է ձևավորած լինի նաև կադրային բանկ և այդ բանկից համապատասխան անձանց ընտրելու հնարավորություն ունենա»,-նկատեց նա։
Վերջինիս դիտարկմամբ՝ այս առումով շատ կարևոր են նաև նախարարների նշանակման ժամկետները՝ «երկար ծանր ու թեթև անելու ժամանակ չկա»։
«2019թ-ի բյուջեի նախագիծն արդեն Ազգային Ժողովում է և անկախ քաղաքական այս տուրբուլենտ վիճակից՝ հանձնաժողովային քննարկումներ են սկսվելու այս նախագծի շուրջ և, բնականաբար, քննարկումները նաև ոլորտային են և ցանկալի է, որ տվյալ ոլորտի նախարարը ինքը ներկայացնի իր մոտեցումները բյուջեով նախատեսված այս կամ այն ծախսի վերաբերյալ, հետևաբար հնարավորինս արագ է պետք այդ նշանակումները կատարել»,-ասաց Մարգարյանը։
Հարցին՝ նախարարների այս ազատումներով կարո՞ղ ենք եզրակացնել, որ կրկին վերադառնում ենք ադապտացիոն փուլ և այս ոլորտներում բարեփոխումների մասին, համենայնդեպս առայժմ՝ պետք է մոռանանք, Ատոմ Մարգարյանը պատասխանեց․
«Կարծում եմ՝ դա հարաբերական է․ այդ բարեփոխումներ ասվածը երկարաժամկետ գործընթաց է, բայց այս ժամանակահատվածում պարզապես նման հնարավորություն չի եղել, որովհետև ավելի շատ քաղաքական գործոնն է եղել դոմինանտ և այն նպատակադրումները, որոնք կապված են եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպման ակնկալիքների հետ․ տվյալ դեպքում, փաստորեն, շաբաթն ավելի շուտ է եկել, քան ուրբաթը և պրոցեսներն արագացել են։ Այս նախարարների նշանակման մասով քաղաքականությունն այնպիսին պետք է լինի, որ հնարավորինս կայունություն լինի, հնարավորինս ապահովվի ընթացքի մեջ գտնվող ծրագրերի անխափան և արդյունավետ իրականացումը և միջոցների հնարավորինս ռացիոնալ ծախսումը»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ նշանակված Մհեր Գրիգորյանին, որը համաձայն Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ փոխադարձ ցանկությամբ է շարունակելու համատեղ աշխատանքն այս կառավարության հետ, Ատոմ Մարգարյանը նշեց․
«Մհեր Գրիգորյանը իր ոլորտում պրոֆեսիոնալ է, նա բանկային համակարգում լավագույն կադրերից մեկն է և վարչապետը, հավանաբար, պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով է այդ որոշմանը եկել։ Նրա մասին միայն այդքանը կարող եմ ասել»։











































