Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդարանի այս տարվա առաջին լիագումար նիստը: Խորհրդարանական ֆորումի ժամանակ պատգամավորները կծանոթանան ԵՄ-ում Հունաստանի նախագահության առաջնային նպատակներին և կքննարկեն հաջողությունները, որոնք ձեռք են բերել Սերբիան և Կոսովոն եվրաինտեգրման ճանապարհին` հաղորդում է ITAR-TASS-ը:
Աթենքը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը, մտադիր է առանձնակի ուշադրություն դարձնել Եվրոպայում բնակչության զբաղվածության խնդիրներին: Բացի այդ՝ Հունաստանը կաջակցի ԵՄ ներսում հետագա ինտեգրման կուրսին, բանկային և ֆինանսական միության խորացմանը, կպայքարի ներգաղթյալների հոսքի դեմ և կամրապնդի ԵՄ ծովային քաղաքականությունը:
Միևնույն ժամանակ, ի տարբերություն Լիտվայի կառավարության, Հունաստանը իր նախագահության առաջնային ուղղության մեջ չի ներառել «Արևելյան գործընկերության» ծրագրի նպատակների իրագործումը:
Իսկ ինչ վերաբերում է Կոսովոյի և Սերբիայի եվրաինտեգրմանը, խորհրդարանականները Եվրահանձնաժողովի մասնակցությամբ քննարկումների արդյունքում կընդունեն բանաձևեր:








































