2001թ. հոկտեմբերի 1-ին, երբ Հայաստանում տոնում էին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700- ամյակը, նույն վայրում, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր Շառլ Ազնավուրին, հանդիպումից քիչ անց տեղի է ունեցել ոճրագործություն՝ սպանվել է Պողոս Պողոսյանը, ով հանդգնել էր ոչ պրոտոկոլային ձևով բարևել Հայաստանի երկրորդ նախագահին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը ցավակցություն հայտնելով Շառլ Ազնավուրի մահվան և Պողոս Պողոսյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ համոզմունք հայտնեց, որ Հայաստանում անցումային արդարադատության հաստատումը հնարավորություններ կստեղծի նաև տվյալ գործի վերաբացման համար:
Զադոյանն ընդգծեց, որ անցումային արդարադատության նպատակը մարդու հիմնարար իրավունքների խախտման վերականգնումն է: Նրա խոսքով՝ Հայաստանում մարդու հիմնարար իրավունքներից առաջին հերթին խախտվել են ընտրական իրավունքը՝ սկսած 1995-ից, եղել է նաև սեփականության իրավունքի խախտումներ, մարդիկ զրկվել են սեփականության իրավունքից, իբրև թե հանրային շահը գերակա ճանաչելով, բայց այդ շինությունները՝ էլիտար բնակարանները այժմ պատկանում են կոնկրետ մարդկանց: «Այս խախտումներից են նաև կոռուպցիոն հանցագործությունները, որոնց հետևանքով թալանվել են ՀՀ քաղաքացիները: Այդ ակտիվները պետք է վերադարձվեն հանրօգուտ նպատակներով»:
Զադոյանն ընդգծեց, որ պետք է վերակնգնվեն թե՛ անհատ քաղաքացիները, թե՛ հանրության լայն շերտերի իրավունքները, ովքեր դարձել են այդ խախտումների զոհը, ինչպես նաև ոլորտային փոխհատուցումներ պետք է լինեն: Զադոյանի կարծիքով՝ անհրաժեշտ է կիրառել Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողով ստեղծելու մեխանիզմը. այդ փորձը կիրառվել է ավելի քան 30 երկրներում:
Մանրամասն՝ տեսանյութում:









































