Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Չաքմիշյանի գործի դատավարությունը:
30-ամյա Արթուրը 2013 թվականի հուլիսի 16-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում իրենց վարձակալած բնակարանի խոհանոցում խանդի հողի վրա՝ «Օդնոկլասնիկի» կայքում էջ ունենալու, իրեն անտարբերության մատնելու և այլ կասկածների առիթով վիճաբանել է կնոջ հետ: Վիճաբանության ընթացքում Արթուրը հյուրասենյակից նախապես վերցրած ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնի առաջնային մակերեսին հասցրել կտրած-ծակած թափանցող վնասվածք ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Դանակահարությունից հետո, դանակը թողնելով խոհանոցում, Արթուր Չաքմիշյանը հեռացել է բնակարանից:
Չաքմիշյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու միջնորդել, որ գործը քննվի արագացված կարգով:
Մեղադրողն ու տուժած կինը չեն առարկել:
Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալի մոտ հայտնաբերվել է հիվանդություն, միաժամանակ նա ճանաչվել է մեղսունակ:
Դատարանը հաշվի է առել նաև, որ ամբաստանյալի խնամքին են մինչև 14 տարեկան 2 երեխաները, ընդ որում՝ կրտսերը 2 տարեկան է:
Արթուր Չաքմիշյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 4 տարի ազատազրկման: Համաներման կիրառմամբ Չաքմիշյանն ազատվել է նշանակված պատժից: Նա դատարանի դահլիճում անհապաղ ազատվել է կալանքից:









































