Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ջախջախիչ պարտություն կրած քաղաքական ուժերը՝ հանձինս ԲՀԿ-ի , «Լույս» դաշինքի և ՀՅԴ-ի՝ որևէ դաս չեն քաղել այդ ընտրություններից։
«Քաղաքական տրամաբանությունը հուշում էր, որ այս ընտրություններից հետո վերոնշյալ ուժերի ներկայացուցիչները, որոնք ներկայիս կառավարության մաս են կազմում՝ պետք է նման պարտությունից հետո հրաժարական տային, բայց ավագանու ընտրություններից մի քանի օր է արդեն անցել, բայց որևէ մեկի հրաժարականի մասին մենք չենք լսել․ տրամաբանական կլիներ, որ նրանք տարանջատվեին վարչապետի թիմակիցներից, որպեսզի նախևառաջ գոնե հնարավորություն ունենան քննդատելու այս կառավարության սխալ քայլերը և հետո՝ դառնան ընդդիմադիր ուժ, փորձեն բարեփոխվել և նոր իմիջով հանդես գալ, որ գոնե կարողանան մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն տեսնում ենք, որ նրանք շարունակում են կառչած մնալ իրենց պաշտոններին, հետևաբար այսպիսի պահվածքը խոսում է այն մասին, որ նրանք չեն հասկացել, թե ինչ է կատարվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բադալյանը։
Վերջինիս խոսքերով՝ այս քաղաքական ուժերը պետք է ադեկվատ գտնվեն ստեղծված քաղաքական վիճակին և դիմեն ադեկվատ գործողությունների։
Ըստ Արմեն Բադալյանի՝ ամենաուշը այս տարվա դեկտեմբերի Ազգային Ժողովը պետք է լուծարվի։
«Ստեղծված իրավիճակում խորհրդարանը պետք է հնարավորինս արագ՝ հենց այս տարի, ենթարկվի քաղաքական էֆթանազիայի, այսինքն՝ խորհրդարանի արհեստական կենդանությունը պետք է անջատվի, պատկերավոր ասած՝ խորհրդարանի մարմինը կա, իսկ գիտակցությունը՝ ոչ, հետևաբար այլևս իմաստ չկա երկարաձգելու, արտահերթ խորհրդարանական ընտրությունները թողնելու մինչ գալիք մայիս կամ հունիս, որովհետև ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ այդ ուժերին հատկացված ժամանակն իրենք չեն օգտագործել այնպես, ինչպես հարկավոր է, ռեբրենդինգի չեն ենթարկվում և ամենայն հավանականությամբ՝ չեն էլ ենթարկվելու»,-շեշտեց քաղտեխնոլոգը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































