Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին առավելագույնը 2-3 շաբաթ անց կլքի երկիրը: Այս մասին երեկ հայտարարել է Լիբիայի արտաքին գործերի նախկին նախագահ Աբդ Ալ-Ռահամն Մուհամադ Շալղամը իտալական Corriera della Sera թերթի հետ ունեցած զրույցում:
Շալղամի խոսքերով՝ ներկա պահին Լիբիայի առաջնորդը բանակցություններ է վարում մի շարք բարեկամ երկրների հետ, որպեսզի գտնի լուծումներ, որոնք նրան թույլ կտան խուսափել Հաագայի միջազգային քրեական դատարանից, և լքել երկիրը՝ պահպանելով կուտակած հարստությունը: Դիվանագետը չի հերքել, որ հնարավոր է՝ Բելառուսի հետ վարվում են նման բանակցություններ:
40 տարի Քադաֆիին ճանաչող Շալղամը մտահոգություն է հայտնել, թե ինչ կարող է տեղի ունենալ Տրիպոլիում Քադաֆիի կառավարման վերջին օրերին: «Քադաֆին վտանգավոր մարդ է: Չգիտեմ, թե նա ինչ կարող է անել Տրիպոլիից հեռանալուց առաջ: Ես հույս եմ կապում Տրիպոլիի բնակիչների հետ, որոնք ազատություն են ցանկանում և, համոզված եմ, որ կփրկեն իրենց քաղաքն ավերածություններից: Հուսով եմ, որ նրանք ավելի ուժեղ կգտնվեն, քան Քադաֆիի չար մտահղացումներն են»,- նշել է նախկին նախարարը: