Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արևմտյան փորձագետները կարծում են, որ միջազգային հանրությունը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ։
Բրիտանական տրանսատլանտյան ինստիտուտի տնօրեն Զիբա Նորմանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) ղեկավարների դովիլյան հայտարարությունը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի գլխավորությամբ, գնալով ավելի է անհանգստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հնարավոր վերսկսումից.
«Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունները և Իրաքի ու Աֆղանստանի չլուծված խնդիրները՝ չափազանց անցանկալի է համարվում ևս մեկ ռազմական գործողությունների թատերաբեմի բացումը (Կովկասում)։ Դովիլյան հայտարարությունն ավելի խորն է գնում և կողմերին կոչ է անում գնալ փոխզիջումների՝ հանուն խաղաղության»։
Թեննեսիի տեխնոլոգիական համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր, Հարավային Կովկասի գծով ամերիկացի փորձագետ Մայքլ Գյունթերի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իրենց դերը կարող են խաղալ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրները.
«Այստեղ կարող են իրենց դերը խաղալ շատ գործոններ, այդ թվում՝ ժամանակը։ Հակամարտության մեջ ներգրավված երկրներում ընտրությունների մոտենալը կարող է օգտագործվել տեղի քաղաքական գործիչների կողմից՝ հռետորությամբ զբաղվելու համար։ Իսկ դա չի նպաստի նրան, որ այդ երկրներում բնակվող մարդիկ պատրաստ լինեն փոխզիջումների։
Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի հարցը, ամենայն հավանականությամբ, շուտ չի կարգավորվի։ Ընդ որում, առանց Թուրքիայի հավանության, կասկածելի է, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են նոր բեկում մտցնել իրենց ոչ պարզ հարաբերություններում։
Իսկ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայումս ունի բազմաթիվ ներքին խնդիրներ, ինչպիսիք են, ասենք, քրդական հարցն ու «արաբական գարնան» հարուցած դժվարությունները։ Դրա համար էլ հազիվ թե Անկարան հանդես գա Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող նոր նախաձեռնություններով»։






































