United Airlines ավիաընկերության ուղեկցորդուհին բղավել է իր ութ ամսական երեխայի հետ կնոջ վրա այն բանից հետո, երբ երեխան հինգ րոպեից ավել լաց է եղել։ Այս մասին հաղորդում է Fox News–ը։
Կրուպա Պատել Բալալ անունով ուղևորուհին, որը ամուսնու և որդու հետ Սան–Ֆրանցիսկոյից Սիդնեյ էր թռնում բիզնես կարգով, ասել է, որ իր երեխան սկսել է լաց լինել, երբ ինքնաթիռը նոր օդ էր բարձրացել։ Հինգ րոպե անց նրանց է մոտեցել ուղեցորդուհին և բղավել է իր վրա։
«Ուղեկցորդուհու խոսքերով՝ կանոնագրքում գրված է, որ երեխաներն իրավունք չունեն լաց լինելու հինգ րոպեից ավել»,– բացատրել է Բալալը։
Կինը ստիպված է եղել բացատրել, որ ինքը չի կարող վերահսկել փոքրիկի լացը, սակայն ուղեկցորդուհին անդրդվելի է մնացել։
Արդյունքում օդանավի հրամանատարն ու United Airlines-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել կնոջից, սակայն նա խոստացել է, որ այլևս երբեք չի օգտվի այս ավիաընկերության ծառայություններից։










































