Արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան առիթով հանրային արձագանքը, որ առկա է սոցիալական ցանցերում, մտորումների տեղիք է տալիս՝ հանդիսանալով Հայաստանում առկա կարևորագույն, հիմնաքարային բացերից մեկի հանդեպ հասարակության ենթագիտակցական զգայունակության դրսևորում: Մարդիկ սգում են Լևոն Խեչոյանի մահն ինչպես հարազատի: Ոչ ինչպես մեծ մարդու, հանճարեղ մարդու, տաղանդավոր, հանրահայտ մարդու, այլ ինչպես հարազատի: Դա հարազատ մտավորականի հանրային պահանջի, ներքին պահանջի դրսևորումն է:
Հայաստանում շատ կան տաղանդավորներ, հայտնիներ, հանրահայտներ, դափնեկիրներ, նույնիսկ գուցեև հանճարեղներ, և, անշուշտ, Լևոն Խեչոյանն էլ այդ ամենի կրողներից էր, բայց նրա կորուստը հանրության զգալի մասը զգում է որպես հարազատի կորուստ, որովհետև Հայաստանում կա հանրությանը հարազատ մտավորականի պակաս: Մտավորականի, որն ապրում է, և որի կյանքի ու գործունեության ընթացքում մարդիկ ոչ թե նրան են տեսնում, նրա գործերը, այլ սկսում են իրենք իրենց տեսնել:
Մարդու աչքերն այդպես հարազատն է բացում, հարազատն է բաց պահում մարդու աչքերն ու միտքը, նրա համար թանկ դարձնում շրջապատող աշխարհն ու առաջացնում այդ աշխարհին, միջավայրին սպառնացող տարատեսակ և տարամասշտաբ վտանգների դեմ պայքարի մոտիվացիա՝ իրենով հարազատացնելով հազար անծանոթներին ու օտարներին: Խեչոյանի հեռացումով հասարակությունը հենց այդ կորստի ցավն է սգում, մարդկային կորստից հետո, իհարկե: Հայաստանում գրեթե բացակայում է մտավորականի այդ տեսակը, բացակայում է մտավորականության այդ շերտը: Խոսքը իշխանամետ կամ ընդդիմադիր մտավորականների բաժանման մասին չէ, այլ հանրությանը, Հայաստանի քաղաքացուն, շարքային մարդուն հարազատ մտավորականի մասին: Այդ հարազատությունը մի աստիճան է, մի հարթություն, որտեղ իշխանամետ կամ ընդդիմադիր բաժանումները դառնում են խիստ արհեստական, հարաբերական, անիմաստ, ավելորդ, անտեղի, մանր: Հայաստանի հասարակությունը զգում է հարազատ մտավորականի կարիք: Հանրության այդ ներքին պահանջարկը ձևավորվում կամ հատկապես սրվում է այն իրավիճակներում, երբ մարդն օտարություն է զգում ոչ միայն իշխանությունից, որին վարձում է իր տարատեսակ սոցիալական, ֆինանսական, անվտանգության կարիքները հոգալու, իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար, երբ օտարություն է զգում հոգևոր ինստիտուտներից, որոնք պետք է մարդուն հոգևոր ծառայություն մատուցեն, այլ նաև օտարություն է զգում ինքն իրենից, իր վարքից ու բարքից այն ժամանակի ու տարածության մեջ, որն իրենը չի համարում, որում կորցնում է ինքն իրեն:
Հայաստանի հասարակությունը ներկայումս այդ վիճակում է, այդ վիճակը փոխելու համար, հաղթահարելու համար պայքարի կենսական անհրաժեշտության վիճակում է: Իսկ այդ վիճակում հանրությունը փնտրում է մոտիվացիաներ, որոնք լինում են թե՛ գաղափարների, թե՛ քաղաքական առաջնորդների, և՛ թե հարազատ մտավորականների տեսքով, և հատկապես վերջինների՝ եթե առաջին երկուսը բացակայում են կամ առկա են, սակայն չեն գտնվում ոչ մի կերպ: Այս իմաստով, մտավորականի մահվան կապակցությամբ հանրային արձագանքների ալիքը շատ ավելին է, քան արտաքին մակերեսում արտահայտվող էմոցիոնալ ցավն ու ափսոսանքը: Եվ այդ իմաստով էլ այն շատ ավելի լայն հասարակական երևույթ է, մեծ սպեկտրով և խորությամբ, որին արժե չվերաբերվել իբրև լոկ զգացումների և զգացմունքների արտահայտման հերթական դրսևորում: Այստեղ հանրային ենթագիտակցության թանձր շերտեր են, որոնք, դժբախտաբար, ինքնաբացահայտվում են հենց այդպիսի կորուստների միջոցով:







































