Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի կորուստն անգնահատելի է: Այդ մասին ցավով են խոսում թե ընկերները, թե նրան պարզապես ճանաչող մարդիկ:
«Այն, որ նա վառ անհատականություն էր, դա ընդունում են անգամ նրա ծայրահեղ ընդդիմախոսները, այն, որ նա շատ ակտիվ ու ազնիվ քաղաքացի էր, դա աներկբա է: Նա նաև յուրօրինակ արվեստագետ է և հետաքրքիր, նորարար կրթության ոլորտի մարդ. դա ինձ համար բացահայտում էր, որովհետև ես պատիվ եմ ունեցել նրա հետ ծանոթանալու, շփվելու մինչև նրա` կրթության ոլորտում հայտնվելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նկատեց` Մազմանյանի կորստով քաղաքից մի գույն էլ պակասեց:
«Պիտի ասեմ` հազար ու հազար ափսոս: Որովհետև նախ` շատ երիտասարդ էր, շատ, 53 տարեկանում կյանքից չեն հեռանում, նա բացառիկ գույն էր մեր քաղաքի համար, տեսակ էր, հայի տեսակ: Ակնհայտ էին փոփոխությունները, իր սրտացավությունը, իր` մշտապես ներկա լինելը ինստիտուտի միջանքներում, կուրսերում: Թող լույս իջնի իր գերեզմանին»,- ասաց նա: Չալդրանյանի համոզմամբ` Արմենը Մազմանյանն անփոխարինելի էր իր տեսակով` թե որպես ղեկավար, թե որպես հայ, թե որպես մարտնչող անձնավորություն: Դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը նշում է` ամենածանրն այն է, բացի նրանից, որ մարդ է գնացել, ում հետ շարունակ ապրել ես` միասին, ոչ միասին, զուգահեռ, Երևանն է պակասում:
«Պակասում են էն քաղաքի տղերքը, որոնք գույնն էին քաղաքի: Արմենը կարողացավ ստեղծել շատ բաներ, որոնք թերևս ուրիշները կուզենային ստեղծել, դաստիարակեց փայլուն սերունդներ: Ծանր է` այս անցնող տարում էլ, այս տարի էլ էնքան մարդ գնաց, որ քո կյանքից էին, ում սիրել ես, ում հետ խմել ես, կռվել ես, հազար բան ես արել»,- ասաց նա: Ստեփանյանն անկեղծացավ` Մազմանյանին ընդունել է իր բնավորության հեշտ ու բարդ գծերով, նաև հավելեց` Մազմանյանն այն մարդկանցից էր, ում ցանկացած քայլին պիտի պատրաստ լինես, ովքեր չեն էլ սպասում, որ դւո դա գնահատես:









































