Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը ենթադրել է, որ ներգաղթի հարցերի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը «կործանում է ժողովրդի ապագան»՝ հաղորդում է The Guardian-ը:
Վիվիան Ռեդինգի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայում ԵՄ ներգաղթյալների հոսքի կապակցությամբ մտավախություններն արծարծվում են ընտրողների ուշադրությունը երկրի իրական խնդիրներից շեղելու նպատակով:
Նրա խոսքերով՝ տեղեկատվության մեծ մասը, որ ստանում է Մեծ Բրիտանիայի հասարակությունը, հիմնված է առասպելների վրա, որոնք ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:
Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան քաղաքական առաջնորդներին նախազգուշացրել է այն մասին, որ ընտրողների ձայները ստանալու համար պոպուլիստական մարտավարությանը դիմելը կարող է ոչնչացնել Բրիտանիայի ապագան: Նա նաև նշել է, որ Միացյալ Թագավորության ՀՆԱ-ն աճել է 3-4%-ով՝ շնորհիվ եկվոր աշխատողների:









































