Հայաստանի բնապահպանության ոլորտում իրավիճակը նախորդ տարի մտահոգիչ էր: Տեղի ունեցավ էքսպրեսիվ զարգացում, տնտեսության անխնա օգտագործում, վերահսկողության պակաս, պատասխանատվության բացակայություն, շրջակա միջավայրի վատացում: Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ նաև մտահոգիչ մի միտում նկատվում: Բնապահպանության նախարարությունն իր լիազորությունները չի պահում, ուստի այն անցնում է տարբեր հաստատությունների:
«Անցյալ տարի ունեցել ենք վարչապետի հայտարարություն, երբ Շրջակա միջավայրի ազդեցության մասին օրինագիծը մտավ կառավարություն, աշխատանքային խումբ ստեղծվեց, վարչապետը հայտարարեց, որ դա չի նպաստում բիզնես ոլորտին: Բնապահպանությունը չպետք է նպաստի, այն պետք է կանխի բիզնես ոլորտը, նպաստելու համար կան այլ նախարարություններ, օրինակ՝ ֆինանսների նախարարությունը: Կցանկանայի անդրադառնալ փորձաքննությանը և վերահսկողության մեխանիզմներին: 2013 թ․ 104 նախագիծ է ներկայացվել փորձաքննության, կեսը՝ հանքարդյունաբերության և հարակից օբյեկտների վերաբերյալ»,- ասաց նա:
Զարաֆյանը հավելեց, որ 23 նախագիծ փոքր հէկ֊երին են վերաբերում, իսկ դրանցից ամենասկանդալայինները նրանք են, որ բնակչության կողմից չեն ընդունվել: Վերահսկողությանն անդրադառնալով` Զարաֆյանը նշեց, որ կարող է անդառնալի վիճակ լինել, ասենք՝ աղտոտում, որ արդեն չես կարող վերացնել: Նախորդ տարում բազմաթիվ վթարներ են եղել, որոնք ծանր հետևանքներ են թողել, քիչ չեն նաև մարդկային զոհերի դեպքերը:
Բնապահպանը նշում է` Զանգեզուրի պոչատարը ծանր վիճակում է, անընդհատ վթար է լինում, մինչդեռ փոխանակ մարդկանց զգուշացնեն, թաքցնում են: Երբ ահազանգում են, ասում են` զանգեք նախարարություն, մինչդեռ հենց իրենք պիտի զանգեն, տեղեկացնեն, որ նման վիճակ է: «Էնդեմիկ ձկնատեսակներ են հայտնվել Արգիճի ջրատարում, դրանք՝ այդ ձկնատեսակները, ջուրը դուրս է գցել, մարդիկ գնացել, հավաքել են, իսկ պատասխանատու ընկերությունը գնացել, որոշ գումարի դիմաց ծածկել, թաքցրել է եղածը: Ալավերդում եղել է վթար, գունավոր արտանետումներ, պատահաբար ենք իմացել այդ մասին: Ձորագետը ևս արտանետումների հետևանքով աղտոտվել է, բայց աղտոտման աղբյուրը պաշտոնապես բացահայտված չի: Երկու անգամ ձկների մասսայական ոչնչացում է գրանցվել, մեկը՝ Դալար գետում: Թեղուտում ջրահեռացման խողովակում է վթար եղել, նման վթարների կողքին շատ են լինում դժբախտ պատահարներ, ինչպես, օրինակ` Խաչաղբյուր գետի մոտ, Սոթքում, Կապանում, Մեղրաձորում»,- ասաց նա: Զարաֆյանի խոսքով` Բնապահպանական տեսչությունն այս ամենի կողքին տալիս է պոշտոնական անհավանական տվյալներ` 897 խախտում, 663 ակտ` 143. 5 մլն դրամի չափով, 438 արձանագրություն` կոմպենսացման վերաբերյալ` 103.7 մլն դրամով, ընդ որում` այս տուգանքների մեծ մասը բաժին է հասնում ապօրինի անտառահատումներին, որոնց դեպքում տուգանքները 40-50 հազար դրամից են սկսվում:
Բնապահպանը նշեց, որ դիտավորյալ չի անդրադառնում Սևանի, Ամուլսարի, Արարատյան դաշտավայրի խնդիրներին, քանի որ կարծում է` դրանք այս տարում իրենց ուշադրության կենտրոնում պիտի լինեն: «Սևանում բիզնես ծրագիր են իրականացնում, որի արդյունքում տասը տարի հետո կունենանք 50 հազար տոննա իշխան` արհեստական կերի դիմաց: Սա ահավոր նախագիծ է, քանի որ օրենքն է արգելում դա. Սևանը ստրատեգիական օբյեկտ է, մենք այն կորցնել չենք կարող: Երկրորդ նախագիծը` ջրի բացթողումները, Սևանում սահմանափակված են, հիմա այդ բացթողնման ծավալը մինչև 240 մլն տոննա ավելացնել են առաջարկում:
Արարատյան դաշտավայրում աղետալի վիճակ է, որ անգամ իրենք են ընդունում, և սա իբր արվում է վիճակը մեղմացնելու համար: Սա նույնն է, թե տանը վթար լինի, բայց դու փոխանակ այդ խնդիրը լուծես, օծանելիքներով հոտը չեզոքացնես ու ասես` հոտ չի գալիս: Մենք կորցնում ենք Արարատյան դաշտավայրը»,- նշեց նա:
Ամուլսարի հարցը, ըստ Զարաֆյանի, մի քիչ անորոշ ձևով է ընթանում, արդեն պետք է անցնել ակտիվ փուլի, բայց չեն անցնում: 8 մարզ այս գործընթացի ազդեցության տակ են ընկնում, մինչդեռ նախագծի ճակատագիրն առանձին համայնքներ են որոշում:











































