Ֆրանսիական Closer ամսագիրը մտադիր է հրապարակել սկանդալային լուսանկարներ, որոնք հաստատում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրավեպի մասին շշուկները դերասանուհի Ժյուլի Գեյեի հետ:
Ֆրանսիայի նախագահը քննարկում է պարբերականի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը:
Ամսագրի հայտարարության մեջ ասվում է, որ լուսանկարները, որոնք հաստատում են դերասանուհու կապը նախագահի հետ, կհայտնվեն ուրբաթ՝ պարբերականի տպագիր տարբերակի հատուկ համարում: Մասնավորապես Closer-ը հաղորդում է, որ մինչ ամանորա տոները Օլանդը հանդիպել է դերասանուհու հետ և գիշերել նրա մոտ:
Պարբերականի լրագրողները պնդում են, որ իրենց հաջողվել է լուսանկարել նախագահին, երբ վերջինս սքութերով և ընդամենը մեկ թիկնապահի ուղեկցությամբ եկել է Գեյեի մոտ: Closer-ի տվյալներով՝ թիկնապահը պահել է այս հանդիպումների գաղտնիությունը և նույնիսկ կրուասաններ բերել նրանց համար:
Ուրբաթ առավոտյան Օլանդը հայտարարել է, որ ցավում է այն կապակցությամբ, որ իր անձնական կյանքը չեն հարգում, և պատրաստվում է քննարկել ամսագրի հանդեպ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը:
2012թ. սկզբին ԶԼՄ-ները հաղորդել էին նախագահի և դերասանուհու միջև հավանական կապի մասին, սակայն տեղեկատվությունը չէր հաստատվում:










































