Apple-ն ու Samsung-ը պայմանավորվել են մինչև փետրվարի 19-ը բարձր մակարդակով քննարկել արտոնագրային վեճի հնարավոր կարգավորումը: Ինչպես նշվում է դատարանի փաստաթղթերում, հանդիպմանը կմասնակցեն երկու ընկերությունների ղեկավարներն ու նրանց փաստաբանները:
Հունվարի 6-ին ընկերությունների իրավաբանական դեպարտամենտների աշխատակիցներն արդեն հանդիպել են՝ երկխոսության համար հիմք նախապատրաստելու նպատակով: Ընկերություններից ոչ մեկը Reuters գործակալությանը չի մեկնաբանել մրցակցի հետ դատական պատերազմի դադարեցման պլանները:
Apple-ն ու Samsung-ը դատական քաշքշուկների մեջ են միանգամից մի քանի երկրներում՝ ներկայացնելով միմյանց դեմ հակընդդեմ հայցեր:
Մարտին ԱՄՆ-ում պետք է սկսվեն հերթական լսումները հայցով, որով ամերիկյան կորպորացիան հարավկորեական մրցակցին մեղադրում է խախտումների մեջ:










































