Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունից նավթի մատակարարումը համաշխարհային շուկա, որը կիրականացվի Թուրքիայով, կսկսվի ընթացիկ ամսվա վերջից՝ հաղորդում է Reuters-ը:
Քրդական ինքնավարության կառավարության տեղեկատվության համաձայն՝ «սև ոսկու» առաջին խմբաքանակը՝ շուրջ 2 միլիոն բարել ծավալով, կմատակարարվի Թուրքիայի Ջեյհան քաղաքում վերջերս բացված նավթամուղով՝ հետագա արտահանման համար:
Քրդական ինքնավարության իշխանությունների գնահատմամբ՝ մինչև մարտ նավթի արտահանման ամսական ծավալը կաճի մինչև 6 միլիոն բարել, իսկ մինչև տարեվերջ այն կկազմի շուրջ 12 միլիոն բարել:
Հիշեցնենք, որ 2013թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կառավարության ղեկավար Նեչրիվան Բարզանին պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ ինքնավարությունը հնարավորություն է ստանում Թուրքիայով նավթ և բնական գազ մատակարարել համաշխարհային շուկա:











































