«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վերջերս առանձնազրույց են ունեցել: Ի. Զաքարյանը Ռ. Քոչարյանի մոտ դժգոհել է վերջին շրջանում իշխանության ներսում իր հանդեպ տեղի ունեցած ընդվզման համար:
Հիշեցնենք, որ ամռանը ՎՊ հաշվետվության աղմկոտ ներկայացումից հետո, երբ Ի. Զաքարյանը հայտարարեց, թե բյուջեի 70 տոկոսը կոռուպցիոն ռիսկի գոտում է, բազմաթիվ նախարարներ ու հանրապետական պատգամավորներ հարձակվեցին նրա վրա: Անգամ Ս. Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց և Ի. Զաքարյանին հրապարակավ դիտողություն արեց, թե՝ «քո կարծիքը ոչ մեկին պետք չէ»: Իհարկե, տարբեր բարեխոսների շնորհիվ նա կրկին վերանշանակվեց ՎՊ նախագահ, սակայն հոգու խորքում միմյանց հանդեպ փոխադարձ դժգոհությունը թեև զգուշավոր, բայց առկա է:
Ի. Զաքարյանն իր պաշտոնավարման առաջին շրջանում ՎՊ նախագահ դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով: Նա այդ կուսակցության անդամ էր և 2007թ. ընտրությունների արդյունքում ԲՀԿ համամասնական ցուցակով դարձավ պատգամավոր: Ավելի վաղ նա Օլիմպիական կոմիտեի նախագահն էր: Այսինքն՝ նրա կապերը Ռ. Քոչարյանի ու ԲՀԿ հետ սերտ են եղել դեռևս նախկին իշխանությունների օրերից ու այսօր էլ սերտ են:
Հիշեցնենք նաև, որ տարեվերջին, երբ Ի. Զաքարյանը ԱԺ-ում կրկին առաջադրված էր որպես ՎՊ նախագահի թեկնածու, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ ԱԺ միջանցքում պայմանավորվում էր, թե հաջորդ օրը նա իրեն ինչ «սուր» հարցեր պետք է տա: Իսկ ամանորյա տոներից առաջ էլ Ի. Զաքարյանը մասնակցում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած՝ մարզիկների մեծարման երեկոյին: Ի. Զաքարյանը նույն սեղանի շուրջ նստած էր Գ. Ծառուկյանի և Ռ. Քոչարյանի կողքին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հենց այդ միջոցառման ժամանակ էլ նրանք առանձնազրույց են ունեցել, և Ռ. Քոչարյանը նրան հուսադրել է, որ դիմանա:










































