Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, ինչպես նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի, և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ: «Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը և Ջորկաեֆը հանդիպել էին նաև այս տարվա հուլիսին՝ Երևանում: «Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով: Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ Ջորկաեֆը հուլիսին Երևան էր ժամանել «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ավելի վաղ հայտարարություն էր տարածել հայ երկրպագուների «Առաջին ճակատ» շարժումը՝ ՖԱՖ-ը, նշելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում տեսնում է հենց Ջորկաեֆին և պատրաստ է աջակցել նրան:
«Հայկական ֆուտբոլում ստեղծված անմխիթար իրավիճակը, ինչպես նաև ՀՖՖ նախագահի հիմնական պաշտոնի շուրջ շրջանառվող մի շարք ոչ բարյավ անունների ակնարկը, հայտարարում ենք, որ ՀՖՖ նախագահի հաջորդիվ կայանալիք ընտրություններում հնարավորինս սատարելու ենք Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը: Լեգենդար հայազգի ֆուտբոլիստը ֆուտբոլում նվաճել է գրեթե բոլոր մրցանակները, պրոֆեսիոնալ է, ունի համաշխարհային ճանաչում, եվրոպական մտածելակերպ, մոտեցումներ, որոնք շատ կարևոր են ֆուտբոլում, և կարող է իր շուրջը համախմբել աշխարհի հայ ֆուտբոլային հանրությանը: Վստահելով ֆուտբոլի գլխավոր պատասխանատուի պաշտոնը Ջորկաեֆին՝ համոզված ենք, որ կունենանք նոր ներդրումներ հայկական ֆուտբոլում, բարձրակարգ մարզիչներ ազգային ու մանկապատանեկան հավաքականների համար և այլն»,- մասնավորապես ասված էր ՖԱՖ-ի հայտարարության մեջ:
Լեգենդար ֆուտբոլիստը անարձագանք թողեց այս հայտարարությունը, իսկ հետո հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում միակ թեկնածուն լինելու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինս, ի դեպ, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ պատրաստ է ետ կանգնել ՀՖՖ նախագահ դառնալու մտադրությունից, եթե իր թեկնածությունն առաջադրի Յուրի Ջորկաեֆը:
Այն, որ հայտնի ֆուտբոլիստը բավական ջերմ հարաբերությունների մեջ է Նոր Հայաստանի կառավարության հետ, կարծում ենք՝ անհերքելի է: Այդ հարաբերությունները հաստատվել են Նիկոլ Փաշինյանի անմիջական ջանքերով: Խոստմանը համաձայն՝ ՀՀ վարչապետը աչքաթող չարեց նաև հայկական ֆուտբոլը, որը գտնվում է անդունդում: Ջորկաեֆի հեղինակությունը Փաշինյանը փորձում է օգտագործել ի շահ մեր ֆուտբոլի, որը չէին անում ո՛չ ՀՀ նախկին իշխանությունները, ոչ էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Այսօր, երբ Հայաստանի ազգային հավաքականը չափազանց ծանր իրավիճակում է, ֆուտբոլասեր հասարակության շրջանում որպես այլընտրանքային լուծում քննարկվում է նաև Ջորկաեֆի անունը: Շատերը նրան տեսնում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում: Նշենք, սակայն, որ Ջորկաեֆը մարզչական գործունեությամբ չի զբաղվել և, որքանով մեզ հայտնի է, չունի ազգային թիմում աշխատելու լիցենզիա: Եթե օբյեկտիվ լինենք, պետք է ընդունենք, որ այս պահին Ջորկաեֆը պատրաստ չէ ստանձնելու թե՛ ՀՖՖ նախագահի և թե՛ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Իրավիճակն այնպիսին է, որ երկու դեպքերում էլ «էշը ցեխից» հանելու համար անհրաժեշտ են հայկական ֆուտբոլի սպեցիֆիկային քաջատեղյակ ֆիգուրներ: Ջորկաեֆը բանիմաց և հայտնի դեմք է, սակայն իրավիճակը կարճ ժամանակում շտկելը նրա համար այնքան էլ հեշտ չի լինի: Ամեն դեպքում համաշխարհային ֆուտբոլի նշանակալի ֆիգուրին հայկական ֆուտբոլում ներգրավելը, կարծում ենք, ժամանակի խնդիր է: Այդ ուղղությամբ ըստ էության աշխատանք է տանում հենց Փաշինյանը:
Իր քայլելով ՀՀ վարչապետը Ջորկաեֆին էլ ավելի է մոտեցնում մեր երկրին և ինչ-որ տեղ պարտավորեցնում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու է ժամանակավոր՝ այն Յուրի Ջորկաեֆին փոխանցելու նպատակով: Իրադարձությունների նման զարգացումը ժխտել չի կարելի: Այն, որ մոտ ժամանակներս Յուրի Ջորկաեֆը կարևոր դիրք է զբաղեցնելու հայկական ֆուտբոլում, կարծես թե հավանական է թվում: Մնում է միայն հասկանալ, որ հանրության մեջ լեգենդար ֆուտբոլիստը առավել օգուտ կբերի հայկական ֆուտբոլին: Ընդգծենք, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը կարևորագույն քայլ է կատարել մեր ֆուտբոլին զարկ տալու համար, ինչը ողջունելի է:






































