Այսօր «Սինոփսիս Արմենիա»-ն և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համագործակցության հուշագիր ստորագրեցին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հետ (ԵԿՏԱ)՝ նպատակ ունենալով խթանել կապի միջոցների, էլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթությունը Հայաստանում:
«Միայն կրթության մեջ արվող ներդրումներն են, որ ազգապահպանման լուրջ գործ են անում: Եթե լավ կրթված երիտասարդներ ունենաք, եթե նորմալ միջավայր ձևավորենք այդ երիտասարդների արժանավայել ապրելու և աշխատելու համար, կարծում եմ, որ մեր երկրի առաջ ծանրացած մարտահրավերներն ի զորու կլինենք լուծել»,- համոզմունք հայտնեց «Սինոփսիս Արմենիան»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր հերթին նշեց, որ Ճիշտ և նպատակային կրթությունը կարևոր և կողմնորոշիչ դեր ունի պետության ճիշտ զարգացման ճանապարհին:
«Մեր առաքելությամբ միշտ էլ ձգտել ենք հնարավոր առիթներ ստեղծել ուսանողների համար, որոնք ապագայում հանդիսանալու են շարժիչ ուժը, աշխատանքային ուժը: Այն պետությունները, որոնք ուզում են զարգանալ, հասնել որոշակի բարձրահարթակի, անպայման պետք է հաշվի առնեն և քաջալերեն երկրում մտավորական կապիտալը, որը զարգացման նախապայման է»,- ասում է Ռալֆ Յիրիկյանը:
Ավելացնենք, որ Եվրոպական ակադեմիայում կբացվի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի նոր ամբիոն, որտեղ նոր մասնագիտացում ստանալու հնարավորւթյուն կստանան ակադեմիայի 2-րդ կուրսն ավարտած լավ առաջադիմությամբ ուսանողները:








































