ՈւեՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկությունում D դիվիզիոնի երեք ենթախմբերում ավարտվեցին առաջին և երկրորդ տուրերը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը առաջին խաղում Երևանում 2։1 հաշվով Լիխտենշտեյնին հաղթելուց հետո Սկոպիեյում անփառունակ խաղով 2։0 հաշվով զիջեց Մակեդոնիային։ Վիճակահանությունից հետո շատերը Ազգերի լիգան դիտարկում էին, որպես հեռակա պայքար Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև։ Վերջիններս տեսականորեն կարող են միմյանց հետ մրցել միայն մրցաշարի եզրափակչում։
Երկրորդ տուրից հետո սակայն պարզ դարձավ, որ թե Հայաստանը, և թե Ադրբեջանը տարբեր պատճառներով գործնականում չեն կարող միմյանց հետ մրցել։ Խոսքը միայն գրանցված արդյունքների մասին չէ։ Մակեդոնիայի հետ մրցավեճից հետո Հայաստանի հավաքականը հատկապես հոգեբանական տեսանկյունից հայտնվել է ավելի քան ծանր վիճակում է։ Ընդունենք, որ հնարավորությունները շատ քիչ են մինչև հոկտեմբեր վերականգնվելու և ձեռնոց նետելու ասենք նույն Մակեդոնիային։ Այո, հայկական ֆուտբոլում շատ շուտով տեղի կունենան արմատական փոփոխություններ, ինչը դրական ազդեցություն կունենա։ Բայց այս պահին չի նշմարվում այն գործիքակազմը, որով կարելի կլինի ցեխից հանել ներկայիս ազգային հավաքականը։
Մակեդոնիայի հետ խաղը ցույց տվեց, որ ունենք այնպիսի խաղացողներ որոնք ուղղակի արժանի չեն կրելու մեր երկրի ազգային թիմի խաղաշապիկը։ Ցավալին այն է, որ առկա են կադրային լուրջ խնդիրներ և որոշ ֆուտբոլիստներից հրաժարվելուց հետո չկան խաղացողներ, որոնք համապատասխանում են ազգային հավաքականի խաղամակարդակին։ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրից հետո ֆիասկո ապրեց նաև Ադրբեջանը։
Առաջին տուրում հարևան երկրի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի 0։0 խաղաց Կոսովոյի հետ, իսկ երկրորդ տուրում հյուրընկալվելիս 1։1 խաղալով, մեկ միավոր վաստակեց Մալթայի հետ մրցավեճում։ Այս պահին Ադրբեջանը երկու միավոր միայն երրորդ հորիզոնականում է։ Կոսովոյի հավաքականը Ադրբեջանի հետ ոչ-ոքի խաղալուց հետո, երկրորդ տուրում սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ Ֆարերյան կղզիների նկատմամբ։
Վերջինս առաջին տուրում 3։1 հաշվով հաղթել էր Մալթայի հավաքականին։ Այս պահին ադրբեջանցիների հնարավորությունները խիստ ցածր են գնահատվում։ Երկրպագուները պահանջում են Ադրբեջանի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովի հրաժարականը։ Վերջինս հայտարարել է, որ առաջիկա խաղերում կշտկի իրավիճակը, բայց կրքերը Ադրբեջանում չեն հանդարտվում։ D դիվիզիոնում գերազանց խաղով աչքի է ընկնում մեր հարևաններից Վրաստանը։ Առաջին տուրում վրացիները հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության հասան Ղազախստանի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեցին Լատվիային։ Փաստորեն առաջին երկու խաղերում Վրաստանը հաղթելով իր հիմնական երկու մրցակիցներին՝ լուրջ քայլ կատարեց դեպի Ազգերի լիգայի խաղարկության «փլեյ օֆ»։
Նշենք, որ Լատվիան ու Ղազախստանը անսպասելիորեն միավորներ կորցրեցին Անդորրայի հետ մրցավեճում նվեր մատուցելով վրացիներին։ Մասնավորապես, Անդորրան հյուրընկալվելիս Լատվիայի հետ 0։0 խաղալուց հետո սեփական հարկի տակ ոչ-ոքի 1։1 էր խաղացել ղազախների հետ։ Այս պահին Վրաստանն ունի 6, Անդորրան՝ 2, իսկ Լատվիան ու Ղազախստանը 2-ական միավոր։ Հարևան երկրի նման վերելքն ինչ խոսք հետևողական և գրագետ աշխատանքի արդյունք է։ Տարիներ առաջ վրացիները Հայաստանից ուժեղ չէին։ Ավելին՝ ընտրական մրցափուլերում Հայաստանի հավաքականը անհամեմատ ավելի բարձր արդյունք էր ցույց տալիս, իսկ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զգալիորեն գերազանցում էր վրացիներին։ 2016 թվականին այս հավաքականը գլխավորեց սլովակ ճանաչված մասնագետ Վլադիմիր Վայսը, որին երկու տարվա ընթացքում հաջողվեց ստեղծել թիմ։ Այո, ազգային հավաքականի վրա վրացիները գումար չխնայեցին գիտակցելով, որ բարձրակարգ մասնագետը կարող է եղանակ ստեղծել։ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը Վայսի և Վրաստանի համար հիանալի հնարավորություն էր Ազգերի լիգային պատշաճ կերպով ներկայանալու համար։
Վայսն օգտագործեց այդ հնարավորությունը։ Թե ընտրական, և թե ընկերական հանդիպումներում Վրաստանի ցուցադրած խաղը խոսում էր այս հավաքականի Ազգերի լիգայում ֆավորիտ լինելու մասին։ Տարիներ շարունակ ավերելով ֆուտբոլը մենք հույս ունեինք, որ Ազգերի լիգայում ինչ-որ բան կստացվի։ Թե ինչի վրա էինք հույսներս դրել դժվար է ասել։ Այսօր էլ հավատում ենք, որ առաջիկա խաղերում Հայաստանի հավաքականը ետ կբերի կորցրածը։ Մենք պարտավոր ենք հավատալու և լինելու ազգային թիմի կողքին։ Դրանից զատ սակայն, պետք է հող նախապատրաստել հաջողության հասնելու համար։ Հուսանք, որ փոփոխությունները ինչ-որ բան կփոխեն նաև ազգային հավաքականում։ Իսկ այսօր իրականությունն այն է, որ Վրաստանում ֆուտբոլային ֆուրոր է, իսկ Հայաստանում և Ադրբեջանում՝ ֆիասկո։









































