Հունաստանում թափ է հավաքում բազմամիլիոնանոց կոռուպցիոն սկանդալը, որը կապված է զենքի գնման հետ: Գերմանական, շվեդական և ռուսական ընկերությունները ՊՆ նախկին պաշտոնյային մոտ 8 մլն եվրո են վճարել: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը:
Հունական ԶԼՄ-ները հրապարակել են տեղացի ձեռնարկատեր Դիմիտրի Պապախրիստի հարցաքննության ողջ սղագրությունը: Krauss-Maffei Wegmann (KMW) գերմանական ընկերության նախկին աշխատակիցը դատախազությանը հայտնել է 6 գերմանացի գործարարների անուններ, ովքեր ներկայացնում են 3 ընկերություններ, որոնք կաշառք են տվել հույն պաշտոնյաներին կամ առնվազն պետք է տեղյակ լինեին կոռուպցիոն խարդախության մասին:
Ինչպես գրում է Süddeutschen Zeitung թերթը, հնարավոր է՝ սկանդալի մեջ ներգրավված են Atlas Elektronik, Rheinmetall և KMW ընկերությունները: Պարբերականի տվյալներով՝ խոսքը երեք խոշոր նախագծերի մասին է՝ Poseidon դասի սուզանավերի արդիականացման, որոնք գնվել են Հունաստանի կողմից Գերմանիայում, ինչպես նաև Astrad ՀՕՊ համակարգերի ու PzH 2000 ինքնագնաց հրետանային սարքավորումների մատակարարումների:
Պապախրիստի խոսքով՝ ինքը 750 հազար եվրո կաշառք է տվել Հունաստանի ՊՆ սպառազինության դեպարտամենտի պետի նախկին տեղակալ Անտոնիս Կանտասին: Այդ գումարի դիմաց նա չպետք է խոչընդոտեր PzH 2000 24 համակագերի մատակարարման պայմանագրին: Կանտասն արդեն խոստովանել է կաշառք ստանալու փաստը:
Մյունխենի դատախազությունը նախաքննություն է սկսել Աթենքին KMW ընկերության կողմից ծանր զրահատեխնիկայի վաճառքի ժամանակ հնարավոր կոռուպցիայի փաստով: Կանտասը խոստովանել է, որ կաշառք է ստացել նաև 170 Leopard-2 տանկերի գնման ժամանակ:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է ընդհանուր առմամբ մոտ 8 մլն եվրոյի ստացումը: Դրանից մոտ 3.2 միլիոնը ստացվել է Գերմանիայից:







































