«Սինոփսիս Արմենիա»-ի կողմից իրականացվող կրթական մոդելն այսուհետ հասանելի կլինի նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում:
Քիչ առաջ «Սինոփսիս Արմենինա»-ն և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համագործակցության նոր փուլ սկսեցին Եվրոպական ակադեմիայի հետ, ստորագրվեց հուշագիր, որի նպատակն է, ինչպես նշվեց, խթանել կապի միջոցների, էլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթությունը Հայաստանում:
Ի դեպ, ծրագիրն արդեն գործում է Հայաստանի երեք բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ՀՊՃՀ-ում, ԵՊՀ-ում և ՀՌՀ-ում, և ըստ նախաձեռնողների` հնարավորություն է տալիս Հայաստանի աշխատաշուկային տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, որոնք օժտված կլինեն համապատասխանաբար գիտելիքներով և ունակություններով:
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ ակադեմիայում կբացվի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոն, ինչն, ըստ ռեկտորի, նորույթ է հանրապետության կրթական համակարգում.
«Այս ամբիոնում ուսուցումը շարունակելու և նոր մասնագիտացում ստանալու իրավունք կստանան Եվրոպական ակադեմիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի բարձր առաջադամիությամբ 2-րդ կուրսն ավարտած ուսանողները, որոնք կընտրվեն համապատասխան մրցութային կարգով»,- նշեց Անդրանիկ Ավետիսյանը:








































