Վրաստանի իշխանությունները դատապարտել են բռնազավթված Ախալգորի և Ցխինվալի շրջաններում ռուսալեզու դպրոցի բացումը՝ բռնազավթող ռեժիմի տվյալ քայլը Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող բռնակցման մաս համարելով։
«Ախալգորիում ռուսական դպրոցի բացումը բռնակցման և բռնազավթման փաստացի շարունակությունն է։ Դա ապօրինի գործընթացի մի մասն է, որը տեղի է ունենում ինչպես Ցխինվալիի շրջանի, այնպես էլ Աբխազիայի բռնազավթված տարածքներում, որտեղ դպրոցներում ակտիվորեն արգելում են վրացերենով ուսուցումը»,-հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին։
Իսկ հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է, որ Ցխինվալիի այն շրջանում, որտեղ հիմնականում ռուսերենին չտիրապետող էթնիկ վրացիներ են բնակվում, վրացերենով ուսուցումն արգելելը մարդու իրավունքների կոպիտ խախտումներից է։ Նրա խոսքով՝ բռնազավթված տարածքների «ռուսականացում»-ն ուղղված է նաև էթնիկ օսերի և աբխազների դեմ։










































