Հունվարի 16-ին Քեյթ Մոսը կնշի իր ծննդյան 40-ամյակը: Այս առիթով Փարիզում նկարահանվելու է փաստագրական ֆիլմ բրիտանացի մոդելի կյանքի մասին: Ֆիլմը կկոչվի «Քեյթի որոնումներում», որի պրեմիերան կկայանա հունվարի 12-ին՝ Paris Premiere ֆրանսիական հեռուստաալիքով: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Ֆիլմը Մոսի 25 տարվա կարիերայի մասին է: Ֆիլմում ներառված է նաև Դեյվիդ Ռոսի հետ հարցազրույցը, ով դարձել է մոդելի կյանքում առաջին ֆեշն լուսանկարիչը: Բացի այդ, կլսենք դիզայներ Իզաբել Մարանի, լուսանկարիչներ Պիտեր Լինդբերգի և Պաոլո Ռովերսի կարծիքները Քեյթի մասին:
1992-ին Yves Saint Laurent նորաձևության տան հետ խոշոր պայմանագիր կնքելուց հետո Մոսը համագործակցել է Chanel, Burberry, Louis Vuitton, Calvin Klein, Prada գովազդային ընկերությունների հետ:
Ֆիլմի ստեղծողների խոսքերով՝ հանդիսատեսը կբացահայտի մոդելի կյանքի մութ կողմերն ու նրա կյանքի ու կարիերայի պատմությունը: Շատերին է հայտնի, որ 1998-ին Մոսը Priory վերականգնողական կենտրոնում բուժվել է թմրադեղերի կախվածությունից:
Չնայած տարիքին՝ Քեյթ Մոսը լուսանկարվել է Playboy-ի հոբելյանական համարի շապիկին, իսկ ապրիլին վաճառքի կհանվի Մոսի հագուստի ու աքսեսուարների հավաքածուն:










































