Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի առիթով քրեական նոր գործ հարուցելու մասին, որը առնչվում է ոչ թե Մարտի 1-ի երեկոյան, այլ լուսադեմին տեղի ունեցող իրադարձություններին՝ Ազատության հրապարակում ցուցարարների դեմ ոստիկանության հատուկ գործողությանը՝ իբրև թե զենք-զինամթերք հայտնաբերելու համար, իբրև թե ստացված օպերատիվ տվյալների հիման վրա: Սա Մարտի 1-ի գործով բավականին ուշագրավ շրջադարձ է, որ կատարում է քննությունը:
Մյուս կողմից՝ սա միանգամայն տրամաբանական և թերևս սպասված շրջադարձ է՝ նկատի ունենալով այն, որ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները խոշոր հաշվով սկսել են ծավալվել հենց լուսադեմին Ազատության հրապարակում սկսված ոստիկանական գործողությամբ: Մինչև այդ գործողությունը փետրվարյան տասնօրյա ցույցերի ընթացքում, դրանց ուղեկցող մարդաշատ երթերի ընթացքում տեղի չի ունեցել և որևէ անկարգություն, իրավիճակը դույզն իսկ դուրս չի եկել վերահսկողությունից:
Մարտի 1-ին դեպքերը լիովին այլ ուղղությամբ ընթացան այն բանից հետո, երբ ոստիկանությունը լուսադեմին գրոհեց Ազատության հրապարակը, փաստացի գլխատեց տասնօրյա ցույցերի կազմակերպական կառույցը, ձերբակալեց կամ փախուստի մատնեց ղեկավարներին, որից հետո այլևս իրադարձությունները մտան տարերային հուն, երբ գործնականում հնարավոր էր կազմակերպել և զարգացնել ցանկացած սցենար, որը իր համար նախընտրելի կհամարեր իշխանությունը: Սցենարային մի քանի փորձեր եղան, այսպես ասած, «նոր կազմակերպիչներ» ձևավորելու և նրանց հետ պայմանավորվելու ուղղությամբ, ինչը, սակայն, չունեցավ հաջողություն, և ի վերջո գործի դրվեց գլխավոր սցենարը, իսկ գուցե և միակը՝ ուժային լուծումը:
Չի բացառվում, որ մյուս «սցենարները» գործի դնելու, այսպես ասած՝ պայմանավորվելու փորձերը ուղղակի «ալիբի» էին հետագայի համար, որպեսզի իշխանությունն ասեր, թե փորձել է պայմանավորվել խաղաղ հանգուցալուծման, սակայն քաղաքացիները, հանրությունը չեն համաձայնել: Իրականում գուցե դժվար չէր հաշվարկել, որ տասնօրյա ղեկավար կազմից զրկված հանրությունը չէր իարող տասը րոպեում կամ տասը ժամում թեկուզ վստահել որևէ նոր քաղաքական ղեկավարի կամ գործչի, որը կփորձեր պայմանավորվել իշխանության հետ: Ըստ այդմ՝ միամիտ կլինի ենթադրել, թե իշխանությունն իրապես ցանկանում էր պայմանավորվել: Ավելի շուտ, կար ընդամենը «ալիբի» ստեղծելու հարց՝ ուժային գործողությունը հետագայում հիմնավորելու համար, ինչն, ի դեպ, արդեն իսկ արտահայտվել է Ռոբերտ Քոչարյանի մի քանի հարցազրույցներում:
Այս տեսանկյունից, ի դեպ, Մարտի 1-ի նոր քրգործը, որ, ըստ ՀՔԾ հայտարարության, միացվել է եղածին, թերևս Ռոբերտ Քոչարյանին պատասխան քայլն է: Օրերս ՀՔԾ պետը հայտարարել էր, որ քննության ձեռքում միայն 0038 հրամանը չէ՝ որպես ապացուցողական բազա: Նա ասել էր, որ կան այլ նոր ձեռք բերված փաստաթղթեր: Եվ ահա այդ հայտարարությունից օրեր անց ՀՔԾ-ն հայտարարություն է տարածում առավոտյան դեպքերի վերաբերյալ քննություն իրականացնելու և քրեական գործ հարուցելու մասին:
Խոշոր հաշվով սա այլ բան չէ, քան Մարտի 1-ի ամբողջականացում: Մինչ այդ հայտարարվեց նաև, որ իրար են միացվել սպանությունների և սահմանադրական կարգի տապալման, այսինքն՝ 0038 հրամանի հետ առնչվող գործերը: Եվ հիմա փաստորեն միանում է երրորդ մասը՝ առավոտյան իրադարձությունները, ինչը անկասկած նշանակելու է նոր անձանց ներգրավում քննության մեջ՝ թե՛ որպես վկա, թե՛ որպես մեղադրյալ:
Ովքե՞ր են լինելու այդ անձինք: Թերևս ակնառու է, որ անխուսափելի է ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ներգրավումը: Իսկ արդյո՞ք առավոտյան դեպքերի առնչությամբ ցուցմունք կտա նաև Սերժ Սարգսյանը: ՀՔԾ պետը օրերս հայտարարել էր, որ պարտավորված չեն հետևելու նրա տեղաշարժին, միևնույն ժամանակ հարկ եղած դեպքում կհրավիրեն ցուցմունք տալու: Էլ ե՞րբ պետք է հրավիրեն Սերժ Սարգսյանին, եթե ոչ՝ այս առիթով, երբ ըստ էության ամբողջանում է Մարտի 1-ի գործը «երեք մասերով»: Թե՞ դեռ կան չորրորդ կամ այլ մասեր, որոնք, այսպես ասած, պահվում են ՀՔԾ տրցակում՝ կախված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական քայլերից:
Միաժամանակ այս ֆոնին ուշագրավ է օգոստոսի 31-ին մամուլում հայտնված տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանն Արցախ կատարած այցի ընթացքում հանդիպումներում անկեղծացել է, թե ինքը Մարտի 1-ի մասով անհանգստանալու բան չունի, իսկ ով այս տարիներին հանցանք է թույլ տվել, պետք է պատասխան տա:









































