Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մտահոգություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ին հնչած ելույթի կապակցությամբ, մասնավորապես անցումային արդարադատության հարցի քննարկման և Սահմանադրության փոփոխության, որով նախատեսվում է ստեղծել ԱԺ ինքնալուծարման մեխանիզմ: Արա Բաբլոյանը հայտարարել է, թե այդպիսով վտանգվում են պետական ինստիտուտները և նա հայտարարել է նաև, որ սկսում է նախագահի, վարչապետի, Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի, Օմբուդսմենի հետ հանդիպումների շարք: Բնական է, որ Արա Բաբլոյանը մտահոգված է, և ընդհանրապես բնական է ՀՀԿ մտահոգությունները, որ արտահայտում են կուսակցության տարբեր գործիչներ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի ելույթի խոշոր հաշվով ամբողջ նպատակը հենց ՀՀԿ-ին մտահոգելն էր, ուստի տարօրինակ կլիներ, եթե Փաշինյանի ելույթը Հանրապետական կուսակցությանը չմտահոգեր: Սակայն այս ամենով հանդերձ, նկատելի է դառնում մի բան, որ, եթե իրավիճակը հայտնվել է այսպես ասած փոխադարձ մտահոգումների փուլում, ապա դա հեղափոխության տեղապտույտի որոշակի նախանշան է, որը պետք է լինի ահազանգ առաջին հերթին հանրության համար:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Անդրադառնալով վարչապետ – ՀՀԿ «փոխհրաձգությանը»՝ Հ. Բադալյանը կարծիք հայտնեց, որ դա Հայաստանում սկսված պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, որը կզարգանա տարբեր փուլերով մինչև արտահերթ ընտրություններ. «ՀՀԿ-ն սկսեց ինքնավստահ հայտարարություններ անել, որ իբրև թե արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, դրան հաջորդեց Ռ. Քոչարյանի հայտարարությունը իր վերադարձի մասին, և այս իրավիճակում հաջորդեց վարչապետի կոշտ պատասխանը ժողովրդական ուղիղ կառավարման մասին»: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ սա սովորական միջկուսակացական պայքար չէ: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն Քոչարյանի վերադարձի միջոցով անձնական խնդիր է լուծում. «Այդ մարդիկ կամովին չեն հրաժարվելու նրանից, ինչ ունեն և ինչ կուտակել են: Նրանք չեն պատկերացնում այս զարգացումների խորությունը»:
Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը՝ կապված օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած մի քանի մտքերի հետ, Ա. Արշակյանը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարությունը թյուրիմացություն է. «Պատրանքներ ունեն՝ ժամանակը հետ տալու և վերադառնալու իրենց լավ ժամանակները: Հանրապետականները գավառամիտ են և այս հայտարարությունը դրա ցցուն դրսևորում էր»:
Անժելա Խաչատրյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն գոյության կռիվ է տալիս. «Սխալվում էին նրանք, ովքեր կարծում էին, որ ՀՀԿ-ականները հեղափոխությունից հետո սուսուփուս գնալու են և փակվեն Մելիք-Ադամյանում, սխալվում էին, որովհետև իշխանությունը, պատգամավորական մանդատը հանձնելն այդքան էլ հեշտ չէ. իսկ այսօր նրանք կանգնած են այդ խնդրի առաջ»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































