Այսօր Մամուլի ազգային ակումբը ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել՝ «Իշխանության և ընդդիմության միջև քաղաքական բանակցությունների կայացման խոչընդոտները և հեռանկարները Հայաստանում» թեմայի շրջանակներում:
Ի՞նչ իրողություններ են նպաստել, որպեսզի այս թեման հայտնվի քաղաքական ուժերի օրակարգում, արդյո՞ք իշխանության և ընդդիմության միջև քաղաքական բանակացությունների կայացման ձգտումը պայմանավորված է նախընտրական պայքարի տրամաբանությամբ, թե՞ այլ պատճառներ ևս կան: Ինչո՞ւ է ընդդիմությունը ձգտում այդ բանակցությունների կայացմանը, ինչու՞ է իշխանությունն ընդառաջ գնում… Այդ հարցերին էին անդրադառնում քննարկման մասնակիցները:
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը հայաստանյան կյանքի ամենանշանակալից իրադարձությունը իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների ձևաչափումը ընթացող գործընթացները համարեց: Նա սխալ համարեց երկխոսություն բառի օգտագործումը՝ առավել ճիշտ համարելով «քաղաքական բանակցություն» ձևակերպումը. «Հասարակությունն այսօր կարիք ունի հասկանալու այդ բանակցությունների իմաստը, որը, ըստ իս, այնքան էլ հասկանալի չէ: Ընդհանրապես, ե՞րբ են գնում բանակցությունների… Օրինակ՝ պատերազմի ժամանակ, երբ ունենք հաղթող կողմ, և հաղթող կողմը պարտվող կողմին ստիպում է պարտվող կողմին նստել բանակցությունների սեղանի շուրջ, կամ երբ երկարատև պայքարի կամ պատերազմի երևույթների շնորհիվ կողմերից ոչ ոք չի կարողանում որևէ առավելության հասնել, և կողմերը նստում են բանակցությունների իրենց հետագա ուղենիշները որոշելու համար»:
Գարիկ Քեռյանը նշեց, որ 2008 թ. նախագահական ընտրություններում ընդդիմությունը բավական հզոր մասշտաբներով մասնակցություն ունեցավ ընտրապայքարում. «Բայց և նախագահական ընտրությունների արդյունքով և դրան հետևած՝ մարտի 1-ի իրադարձություններով փաստացի ընդդիմությանը չհաջողվեց հասնել իշխանափոխության: Ինչպիսի՞ն է իրավիճակը 2011 թվականին: Ես կարող եմ սա բնութագրել որպես ուժերի հավասարակշռության նախընտրական ժամանակաշրջան, և այս որակով, ինձ թվում է, ամբողջությամբ բնութագրվում է ստեղծված պահը: Ինչո՞ւ՝ ուժերի հավասարակշռության, որովհետև ընդդիմությունը, այնուամենայնիվ, չկարողացավ հասնել արտահերթ ընտրությունների, իսկ իշխանությունն էլ չունեցավ մեծ նվաճումներ, կառավարության գործունեությունը չի կարելի արդյունավետ գնահատել, փաստորեն, իշխանությունն էլ ընտրություններից առաջ, նախընտրական տարում որոշ չափով կարիք ունի հասարակության լայն շերտերի մոտ վստահության վերականգնման: Ե՜վ իշխանությունը, և՜ ընդդիմությունը կարիք ունեն ընտրազանգվածի մոտ վստահության վերականգնման»: Գ.Քեռյանը իշխանություն-ընդդիմություն բանակցություններն անվանեց պարզ քաղաքական տեխնոլոգիա, որը կիրառվում է ընտրություններից առաջ ընտրազանգվածի ընդլայնման համար: