«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը։
–Պարոն Պեպանյան, Հայաստանի նոր կառավարությունը նշում է իր 100 օրը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ օրերը, ի՞նչ համակարգային խնդիրներ կմատնանշեք։
– Այն, որ հին համակարգը ապամոնտաժվում է, դա աննախադեպ ձեռքբերում է և ազգային վերելքի նախադրյալներ է ստեղծում;
Բայց, ցավոք, նոր իշխանությունները կարծես թե բավարարվում են դրանով: Չեն արվում նորի ամրագրմանն ուղղված բավարար քայլեր, և վտանգ կա, որ հինը կվերադառնա:
–Շատերը նշում են, թե այն, ինչ տեղի է ունեցել մայիսին իշխանափոխություն է, իսկական հեղափոխությունը հիմա է սկսվում և գուցե դրա առաջին քարը դրվելու է օգոստոսի 17-ին, երբ կա հեղափոխության դեմ կանգնած հստակ ուժ և հակահեղափոխության առանցք, լիդեր։ Այդպե՞ս է արդյոք։
– Որպես կանոն, հեղափոխության առաջին քարը դրվում է մինչ իշխանափոխությունը. մշակվում է նոր համակարգը, ստեղծվում է նոր համակարգով ապրող շարժում, այդ ընթացքում ի հայտ է գալիս, հղկվում նոր կառավարիչների շերտը: Այս ամենը չի արվել մինչ իշխանափոխությունը, ինչը լուրջ խնդիրներ է հարուցել նոր իշխանությունների առջև: Այս թերացումը հարկավոր էր արագ շտկել իշխանափոխությունից հետո, որպեսզի լիներ նորը կրող մարդկային շերտ՝ հենարան: Չարվեց: Մարդիկ տեղյակ չեն, թե որն է հնին փոխարինող նոր համակարգը: Նման դեպքում հինն արագ վերականգնվում է: Դեռ ուշ չէ այդ բացը շտկել:
–Հեղափոխության դեմ ակտիվ քարոզչություն է սկսվել, նկատվում են նաեւ որոշ ուժերի միավորումներ՝ ընդդեմ նոր իշխանության։ Կան արդյո՞ք արտաքին եւ ներքին վտանգներ։
– Հեղափոխությունն ինքը ծնեց հակահեղափոխություն: Քանի որ իշխանափոխությունն արագ տեղի ունեցավ, ապա հին իշխանական համակարգը շփոթմունքի էր մատնվել ու հանձնված վիճակում էր: Բայց նոր իշխանություններն այդ վիճակից օգտվելու և իրական վերափոխումներ անելու, ազգի միտք կրողներին իրենց շուրջը համախմբելու, առողջ քննադատությանն ունկնդրելու փոխարեն գրոհ նախաձեռնեցին բոլոր այլ տեսակետ արտահայտողների վրա, արժեհամակարգային որոշ, ժողովրդի կողմից անընդունելի նորամուծություններ արեցին, ինչով վանեցին շարժմանը մասնակցած շատ-շատերին, ապա, դատական համակարգում բարեփոխումներ չարած ու շտապողականությանը տրված՝ ընկան նախկին պաշտոնյաների ետևից ու իրենք իրենց համար ստեղծեցին բարդ իրավիճակ: Մինչդեռ ճիշտ ռազմավարություն ունենալու դեպքում կարելի լիներ թե՛ խուսափել ներկա խառնակ իրավիճակից, թե՛ ազգային միասնականություն ապահովել, թե՛ էական հաջողությունների հասնել հասարակական կյանքում:
–Մի առիթով մեջբերել էիք, թե հեղափոխությունները հաղթում են, եթե կարողանում են փշրել հասարակական հին մտածողությունը և ժողովրդին տալ նոր մտածողություն: Իրական հակահեղափոխությունը փաստորեն ժողովրդի հին մտածողությունն է: Ի՞նչ ելքեր կան այս վիճակից։
– Մեր քաղաքական դաշտը նախ և առաջ պիտի գտներ այն հարցի պատասխանը, թե ինչու ունինք մարտյան, ինքնախեղդող Հայաստանը: Դա անելու դեպքում ակնհայտ կդառնար, որ մեր ժողովուրդը դաժան պատմության բերումով արժեհամակարգային խեղումներ ունի և իր հասարակական մտածողությունը հակապետական է ու քաոսածին: Այնպես որ, եթե իսկապես ուզում ենք հեղափոխություն անել, ապա որպես հակահեղափոխության դրոշակակիր պիտի հռչակենք մեր ժողովրդի մտածողությունը և գտնենք այն փոխելու ուղին: Ասեմ, որ այս խնդիրը մեր մեծերը բարձրաձայնել են դեռ հարյուր տարի առաջ, բայց, ցավոք, մեր քաղաքական դաշտը դեգերում է մտավոր մակերեսայնության մեջ:
–Ի՞նչ պիտի անի հեղափոխության առաջնորդը՝ երկիրը իրական հուն բերելու համար։
– Մի անգամ կես-կատակ, կես լուրջ առաջարկել եմ ելքը՝ մի նոր հուժկու շարժում է հիմնում, ժողովրդի ճնշման ներքո տապալում է իր իսկ կառավարությունը: Իսկապես կարիք կա նոր կառավարության, որը դաս կառնի այս հարյուր օրվա վրիպումներից, կթոթափի հեղափոխական անիմաստ էյֆորիան, իր շուրջը կհամախմբի ազգի սերուցքը, կդասակարգի լուծման կարիք զգացող խնդիրները և քայլ առ քայլ երկիրը կտանի վերելքի: Այս դեպքում ներքին ոչ մի ուժ չի կարողանա խանգարիչ գործոն հանդիսանալ: Հակառակ դեպքում բոլորս միասին կհայտնվենք աննախանձելի իրավիճակում:










































