Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նազարբաևը անդրադարձել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի խնդրին և նրա շուրջ ստեղծված իրավիճակին:
Մի քանի օր առաջ Նազարբաևի հետ հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանն ու քննարկել այդ հարցը: Երևանը հայտարարել է, որ սկսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածության շուրջ կոնսուլտացիաները այդ կազմակերպության անդամների միջև, և Փաշինյանը փաստորեն սկսել է Նազարբաևից: Նազարբաևը նրա հետ զրույցից հետո փաստորեն քննարկում է հարցը Պուտինի հետ, ինչը թերևս հիմք է տալիս եզրակացնելու, որ Ղազախստանը դիրքորոշում ձևավորելու համար ունի Ռուսաստանի նախագահի մոտեցումները ճշտելու անհրաժեշտություն: Սա վկայում է Երևանի դեմ Մոսկվա-Աստանա կոալիցիայի՞ ձևավորման մասին, թե՞ հակառակը՝ Ղազախստանը փորձում է, օրինակ, համոզվել, որ Ռուսաստանն իսկապես այդ հարցում չունի խնդիր, և ըստ այդմ ձևավորել նաև իր դիրքորոշումը:
Միաժամանակ հնարավոր է նաև, որ Հայաստանի նոր թեկնածուի հարցը դառնա այլ հարցերում Աստանա-Մոսկվա հարաբերությունների պարզաբանման առարկա կամ առիթ: Հատկապես հետաքրքիր է, որ Պուտինի հետ Նազարբաևը հարցը քննարկել է Կասպիցի շուրջ հինգ երկրների համաձայնության գործընթացին զուգահեռ: Այդ համաձայնությունն օրերս տեղի էր ունեցել ղազախական Ակտաուում կայացած Վեհաժողովի ընթացքում: Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին Կասպիցի խնդիրների շուրջ: Արդյո՞ք այդ մասով Ռուսաստան-Ղազախստան հարթության մեջ դիտարկվել է նաև ՀԱՊԿ խնդիրը, որովհետև գլխավոր քարտուղարի հարցի բաց լինելը իհարկե ենթադրում է որոշակի ճգնաժամ ՀԱՊԿ-ում:
Ավելին՝ դեռևս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում էր ակնհայտ, որ Հայաստանի հարցը թե՛ ՀԱՊԿ-ում՝ գլխավոր քարտուղարի մասով, որը ձգվեց մեկ տարի, թե՛ ԵՏՄ-ում՝ անդամության մասով, որը ձգվեց մի քանի ամիս, եղել է Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում կիրառված խաղաքարտ: Ավելին՝ այստեղ անուղղակիորեն ներգրավված է եղել նաև Բաքուն, մասնավորապես՝ այդ թվում Աստանայի միջոցով:
Ահա այդ նախապատմության պայմաններում հատկապես ուշագրավ է, որ Կասպիցի շուրջ զարգացումների ֆոնին Նազարբաևը Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Իրավիճակը հետաքրքիր է առավել ևս նրանով, որ Կասպիցի շուրջ համաձայնության մասով առնվազն տակտիկական առումով նկատելի են որոշակիորեն Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի, այսպես ասած, շահեկան դիրքերը՝ նավթագազային կոմունիկացիաների հնարավորության առումով, թեև ռազմավարական իմաստով Մոսկվան ու Իրանն էլ ունեն իրենց համար կարևոր ամրագրում՝ բացառել երրորդ երկրների ռազմական ներկայությունը Կասպիցում:
Այդ ամենի ֆոնին էլ ուշագրավ է, որ հայկական կողմը հայտարարել է Նախիջևանում ադրբեջանական սադրանքին հասցված հարվածի մասին՝ հակառակորդ կողմի հնարավոր կորուստներով: Եվ այդ հայտարարությունը ըստ էության հնչել է Ռուսաստանում Հայաստանի և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, որի ընթացքում նաև քննարկվել է Նախիջևանի ուղղությամբ իրավիճակը: Իսկ Նախիջևանը, ինչպես հայտնի է, ՀԱՊԿ պատասխանատվության ուղղություն է: Չի բացառվում, որ դա եղել է հայկական հարցը խաղարկելու փորձերին Ռուսաստանի և Հայաստանի պատասխանը:










































