Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` Իրանը ՀՕՊ արդիականացված համակարգի հաջող փորձարկումներ է անցկացրել, որը «իր հնարավորություններով չի զիջում ռուսաստանյան C-300 համալիրին: Այդ մասին այսօր իրանական անգլիալեզու Press TV հեռուստաալիքին հայտարարել է Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Մոհամադ Հասան Մանսուրիյանը: «Մենք կատարելագործել ենք ՀՕՊ համակարգը եւ դրա հաջող փորձարկումներ անցկացրել: Նոր համալիրը մշակելու ընթացքում կիրառվել է այն ողջ փորձը, որ կուտակվել է Իրանի պաշտպանության նախարարության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ կանոնավոր բանակի կողմից»,- ընդգծել է գեներալը:
Նա նաեւ հայտնել է, որ ամենամոտ ժամանակներս կհայտարարվեն C-300-ի իրանական նմանակների տեխնիկատակտիկական բնութագրերը: Իրանում սեփական հրթիռային համալիրի մշակումն սկսվել է Իսլամական Հանրապետությանը ռուսաստանյան C-300 համակարգերի մատակարարման պայմանագրի լուծարման պատճառով: