ՀՅԴ-ական Ռուզան Առաքելյանը, որը կուսակցության խորհրդարանական խմբակցության այն երեք պատգամավորներից է, որոնք ստորագրել են երկրորդ նախագահի կալանքից ազատ արձակելու երաշխավորագիրը, նորմալ է համարում այդ քայլը և Նիկոլ Փաշինյանի հետ գործակցությունը: Ըստ նրա, մեկը մյուսին չի հակասում և Դաշնակցությունը չի խախտել կոալիցիոն որևէ պայմանավորվածություն: Խոշոր հաշվով Ռուզան Առաքելյանը ճիշտ է: Համենայն դեպս, պարզ չէ, թե ինչ սկզբունքների շուրջ է ՀՅԴ ու Փաշինյանի գործակցությունը նոր կառավարությունում: Հետևաբար, քանի որ սկզբունքները խոշոր հաշվով պարզ չեն, արձանագրված չեն թղթի վրա, առնվազն բարդ է ասել՝ Քոչարյանին սատարելը հակասո՞ւմ է Փաշինյանի հետ գործակցությանը, թե՞ ոչ: Հարցը բարոյական դաշտում դիտարկելը հարաբերական է, որովհետև այդ դեպքում էլ բարոյական դիտարկումների հսկա պաշար ունի Մարտի 1-ի գործն ընդհանրապես:
Հետևաբար, ՀՅԴ-ն թերևս իրավացի է, երբ քաղաքական համատեքստում նորմալ է համարում Ռոբերտ Քոչարյանին սատարելը՝ կառավարության կազմում լինելու պայմաններում: Աննորմալն այստեղ թերևս այն է, որ այդպես էլ պարզ չի դարձել հանրությանը, թե որ կոնկրետ սկզբունքներն են բազմակուսակցական կառավարության հիմքում: Այո, սերն ու համերաշխությունը, բայց դա կարող է լինել ելակետ, հենման կետ, իսկ հետագա գործողությունները պետք է ունենան ուղենիշներ: Քանի որ դրանք պարզ չեն, կառավարության կազմում լինելը համադրելի է թվում ցանկացած այլ գործունեության հետ:
Մյուս կողմից, առերևույթ է թվում, թե սատարելով Քոչարյանին, առնվազն խափանման միջոցը փոխելու հարցում կամ դրա առիթով, Դաշնակցությունը գնում է թավշյա հեղափոխության դեմ: Քոչարյանը թավշյա հեղափոխության վտանգ չէ: Որովհետև եթե վտանգ է, ապա դա կնշանակի, որ հեղափոխության հետ ինչ որ բան այն չէ կամ չի եղել հենց սկզբից ու հաջողությունը եղել է թվացյալ: Ռոբերտ Քոչարյանը թավշյա հեղափոխության «խայծն» է նոր փուլում և սրելով խաղը, սրելով ինտրիգը, Դաշնակցությունը կամա, թե ակամա օգնում է իրավիճակի զարգացմանը: Այդ խայծը պետք է բացահայտի շատ բան, ոչ միայն Մարտի 1-ը, այլ Հայաստանում գործած համակարգը ինքնին:
Մարտի 1-ի տասը զոհերի համար կոնկրետ պատասխանատուներից բացի դա պետք է լինի Ռոբերտ Քոչարյանի գործի այսպես ասած բուն խնդիրը: Որովհետև եթե չի բացահայտվելու համակարգը ամբողջությամբ, կամ այլ կերպ ասած եթե գործը չի դառնալու յուրօրինակ ներքաղաքական կամ ավելի շուտ ներհամակարգային «լյուստրացիայի» միջոց, ճանապարհ, եթե Քոչարյանը լինելու է ոչ թե դուռ բացող, այլ դուռ փակող բանալի, ուրեմն դա կլինի անարդյունավետության ցուցիչ: Ընդ որում բանն այստեղ վենդետան չէ, որովհետև բացահայտում ասվածը ըստ էության չպետք է ենթադրի միայն քրեական պատասխանատվություն: Խնդիրը ամենևին «վհուկների որսը» չէ, այլ պարզապես Հայաստանում գործած համակարգի հյուսվածքային ախտորոշումը, նախ արատների որևէ կրկնություն կանխարգելելու հանրային կարողությունը մեծացնելու համար, և հետո նաև քաղաքական-հասարակական-քաղաքացիական ամբողջական գնահատականի համար, որ պետք է ստանա նախորդ համակարգը: Այդ գնահատականի խնդիրը եղել է մշտապես, ու դա լոկ բարոյական կամ դեկլարատիվ հարց չէ, այլ պատասխանատվության գիծ՝ բոլորը բոլորի առաջ:
Լուսանկարը՝ 2rd.am-ի











































