«Երկրորդ նախագահի նկատմամբ այս վերաբերմունքը միայն Մարտի 1-ով չի պայմանավորված: Մարտի 1-ը եղել է նրա էության գագաթնակետը: Առաջին իսկ օրից նա Հայաստանին չի նայել որպես իր երկրի: Կիրառում էր «գույք պարտքի դիմաց» սկզբունքը, Ռուսաստանին աջ ու ձախ լավություններ էր անում, որովհետև այս հողը նա չէր համարում իրենը: Երեք նախագահներից ամենաշատը Հայաստանից օգտվողը, ամենահարուստը և Հայաստանին արհամարհողը Ռ. Քոչարյանն է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ Մարտի 1-ը, որպես մի սարսափելի երևույթ, որպես հանցագործություն գրված է բոլոր միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանին վերաբերող բոլոր զեկույցներում և նշված է, որ Մարտի 1-ի մեղավորներին չհայտնաբերելու պարագայում Հայաստանին չի կարելի վստահել:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ Մարտի 1-ի գործի այս թափանիվով տեղաշարժվելը քաղաքական կոնյուկտուրան չի փոխում. «Հակառակը, հենց ներկայիս քաղաքական իրավիճակն է բերել նրան, որ Մարտի 1-ի գործը ստացել է այս շրջադարձը, և իհարկե դա, անկախ իր իրավական ընթացքից, կունենա իր ազդեցությունը հետագա քաղաքական զարգացումների վրա»:
«Քոչարյանից սկսվելու են հարցեր՝ հեռացված համակարգի ամբողջ սպեկտորի հետ կապված: Մարտի 1-ը շատ ծավալուն է, Ռ. Քոչարյանն, ըստ էության, բանալին է, պետք է պարզել բոլոր պատասխանատուներին, ովքեր հնարավորություն ունեին թույլ չտալ, բայց թույլ տվեցին Մարտի 1»,- նշեց Հ. Բադալյանը՝ հավելելով, որ Մարտի 1-ը միայն հանացագործություն չէր, դա անխուսափելի էր այն համակարգի համար, որը գործում էր Հայաստանում, եթե քաղաքացին այդ համակարգի գոյությունը կասկածի տակ էր դնում:
Հ. Իգիթյանն ընդգծեց, որ Ռ. Քոչարյանը բավականին խորամանկ է և փորձում է Մարտի 1-ի բացահայտում պահանջելը ներկայացնել որպես պայքար լևոնիզմի վերադարձի համար:
Մանրամասն՝ տեսանյութում:












































