Երեկ երեկոյից համացանցը ողողվել էր Բագրատաշենի անցակետում քաղաքացու կողմից լվացքի մեքենան կոտրելու տեսանյութով, որից հասկանալի էր դառնում, թե 100 ԱՄՆ դոլար արժողությամբ լվացքի մեքենայի համար մաքսատանը նույնքան մաքսային վճար են պահանջել այն մաքսազերծելու համար։ Քաղաքացին էլ, բարկացած, նախընտրել է կոտրել այն, քան դրա դիմաց կաշառք տալ մաքսատան աշխատողներին։
Տեղի ունեցած այս միջադեպին այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա խոսքերով՝ քաղաքացին փորձել է շանտաժի միջոցով խուսափել կենցաղային տեխնիկան մաքսազերծելուց։ Դրանից բացի՝ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, որը, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն, ունի սահմանահատումների և ներմուծումների պատկառելի փորձ: Վերջին 1 ամսվա ընթացքում էլ 13 սահմանահատման փորձ է ունեցել։ 2010-2017թթ. տվյալ անձը 5 անգամ փոխել է ՀՀ քաղաքացու անձնագիրը։
«Դեպքի օրը տվյալ անձը ավտոմեքենայով հատել է սահմանը և ներկայացել մաքսային մարմիններին՝ ավտոմեքենայում ունենալով որոշակի ապրանքներ: Այդ ապրանքներից այն մասը, որոնք չեն գերազանցել առանց մաքսային վճարների ֆիզիկական անձանց կողմից ներմուծման համար թույլատրված բնաիրային և արժեքային քանակները, մաքսային մարմնի կողմից բաց են թողնվել քաղաքացուն՝ առանց մաքսային վճարների գանձման: Սակայն լվացքի մեքենայի համար, որը, ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման համաձայն, գերազանցել է «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները», քաղաքացուն տեղեկացվել է, որ պետք է ներկայացնի մաքսային հայտարարագիր և վճարի համապատասխան վճարներ, ինչից քաղաքացին հրաժարվել է: 100 դոլար մաքսավճարի մասին խոսք չի եղել, քանի որ քաղաքացին սկզբունքորեն հրաժարվել է հայտարարագրել տվյալ լվացքի մեքենան, ինչի արդյունքում մաքսային վճարների հաշվարկ չի կատարվել»,- ՊԵԿ նախագահի պարզաբանումից զատ, պարզաբանեցին նաև ՊԵԿ լրատվականից՝ հավելելով, որ Սեյրան Դեմիրճյանը, նախքան տվյալ դեպքի՝ իրեն ուղեկցող անձանց կողմից տեսագրումը, փորձել է շանտաժի ենթարկել մաքսային ծառայողներին (ինչը տեսագրված է մաքսային մարմնում առկա տեսախցիկով)՝ սպառնալով, թե «կգնամ կասեմ, որ ինձնից գումար եք ուզել», ինչը, բնականաբար, չի ազդել մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքի վրա:
«Պետական եկամուտների կոմիտեն հսկողական միջոցառումներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ խստագույնս պահպանելով օրենքի տառը: Իսկ եթե կան օրենքում բացթողումներ, ապա դրանք փոփոխելու համար ժամանակ է անհրաժեշտ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ի իրավախախտումներին: Կոմիտեն վստահեցնում է, որ որևէ մեկը չի կարող շրջանցել օրենքը, և այս հարցում ՊԵԿ-ը լինելու է հետևողական՝ բոլոր գործընթացներն իրականացվելու են բացառապես օրենքի գերակայությամբ՝ բացառելով կոռուպցիոն երևույթները»:
Իսկ որ ԵԱՏՄ-ի ու Հայաստանի օրենսդրության համապատասխանության հարցում խնդիր կա, դա փաստ է։ Դրան այսօր կառավարության նիստերից հետո անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահը։ «Հայրենադարձության մասով մեր ներպետական և ԵԱՏՄ իրավակարգավորումների մեջ հակասություն կա։ Մեր օրենսդրությամբ՝ 5 և ավելի տարի դրսում գտնվող քաղաքացիները, եթե վերադառնում են Հայաստան, նրանց անձնական գույքի համար մաքսատուրք չի գործում։ Իսկ ԵԱՏՄ իրավակարգավորումներով այդ նորմը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների վրա, իսկ մեր քաղաքացիների համար միայն տրանսպորտային միջոցների մասով։ Այստեղ մենք երկընտրանքի առաջ ենք՝ ԵԱՏՄ օրենսդրությունը կիրառե՞նք, թե՞ մեր իրավակարգավորումները։ Եթե որոշում կայացնենք, որ չենք օգտագործելու ԵԱՏՄ կարգավորումները, մեր ժողովուրդը դրանից շատ կուրախանա, բայց մենք իրավական խնդիրներ կունենանք»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ օրենսդրական փոփոխություն է պետք այս մասով, որն էլ պետք է նախաձեռնի կառավարությունը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքերով՝ ՊԵԿ պարզաբանումը այնքան էլ արժանահավատ չէ։ Նախ իրենք շեշտադրում են քաղաքացու կողմից մի քանի անգամ անձնագիր փոխելու հանգամանքը, ինչը, ըստ էության, բացահայտում է, որ նախկինում քաղաքացին կարողացել է նման ճանապարհով, որպես անձնական գույք, ներմուծումներ արել։ «Զուտ այն տեսանկյունից, որ ՊԵԿ-ը հասկանում է և կարող է հասկանալ, որ անձնական օգտագործման անվան տակ, որպես սեփական օգտագործման միջոց, իրականում տեղափոխվում են որպես իրացման ենթակա ապրանքներ, և հնարավոր խիստ միջոցներ են ձեռնարկել, դա ողջունելի է, բայց, ցավոք, ՊԵԿ պարզաբանումը ինքնին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հարցերի պատասխան է տալիս։ Կարծում եմ, պետք է ավելի շատ խիստ խոսել, որովհետև այդ քաղաքացու հրապարակած տեսանյութը շատ ավելի ազդեցիկ է, քան ՊԵԿ պարզաբանումը»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ քաղաքացու հրապարակած տեսանյութը արժանահավատ է թվում նաև այն տեսանկյունից, որ մաքսային մարմիններում մինչև վերջերս գործում էր հենց այդ մեխանիզմը՝ առանց ինվոյսի՝ մաքսային արժեքներով մաքսազերծում և այլն։
https://www.facebook.com/duxov1/videos/283469829078454/









































