«Նեղված չեմ հեղափոխությունից, այն ինչ տեղի ունեցավ, ինձ համար անսպասելի չէր: Ես վաղուց կանխազգում էի, որ նման մի բան պետք է որ լինի մեր երկրում, որովհետև այն անհանդուրժողականության, գաղջ, գորշ մթնոլորտը, որ տարիներ շարունակ կուտակվել էր և տարբեր ձևերով դրսևորվում էր, ես զգում էի և տարբեր առիթներով ասում, որ այդ ամենը մի օր վերջ կունենա, և այդպես էլ եղավ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, որ այնպիսի համակարգ էր ստեղծվել, այնպիսի ոսկրացած մոտեցում և ինքնավստահություն էր առաջացել, որ դժվար թե մեկին կարողանայիր համոզել, որ այդ ամենը լավ տեղ չի տանում:
Ալիկ Սարգսյանն ընդգծեց, որ ինքը երբեք չի ասել, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և այդ գաղափարը չի ընդունել: Նրա խոսքով՝ կյանքը ցույց է տվել, որ ցանկացած մարդու փոխարինող կա:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը, անդրադառնալով հարցին, թե ինչն է իրեն պահում ՀՀԿ-ում, նշեց. «Երբ նավը խորտակվում է, համապատասխան կենդանիները լքում են նավը: Ես շատ զգուշավոր եմ, որ չհայտնվեմ այդպիսի խոսակցության կիզակետում: Դա դավաճանություն կհամարվի: Այնպես չէ, որ ես հրապուրված եմ այս կուսակցության անցած ուղիով, բայց ՀՀԿ-ին խնդրում եմ վերաբերվել հարգանքով, Նժդեհի գաղափարախոսության վրա հիմնված կուսակցություն է, ունեցել է լավագույն առաջնորդներ, պետականաշինության գործին մասնակցել է երկար տարիներ… Որ երկրում չարաշահումներ ու նեգատիվ է եղել, որը բերեց այս հանգուցալուծմանը, փաստ է, որևիցե մեկին չեմ պաշտպանում, բայց ՀՀԿ-ին պետք է մի քանի շերտերով դիտարկել, չպետք է մի քանի մարդու արարքը տարածել բոլորի վրա»:
Ես օրինավոր կյանքով եմ ապրել, խիղճս մաքուր է, և ապօրինի հարստացման օրենքը չի սպառնում ինձ»,- նշեց Ալիկ Սարգսյանը: Նա նաև հավելեց, որ իրեն քաղաքական ճակատագիր էլ «չի սպառնում». «Տարիքս 60-ն անց է, որևիցե պաշտոնի չեմ ձգտում… Հոգնել եմ ամեն ինչից, տրամադրված չեմ ԱԺ-ում գործունեությունս շարունակել»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































