Երկու տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցավ մեր նորանկախ պատմության ամենադրամատիկ և արյունոտ իրադարձություններից մեկը: «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներից բաղկացած «Սասնա ծռեր» խումբը գրավեց Երևանի Խորենացի փողոցում գտնվող ՊՊԾ գունդը: Երկու տարվա հեռավորությունից կարող ենք վարկածներ նշել, թե ինչու հնարավոր դարձան այս դեպքերը, ովքեր կամ ինչ գործոններ նպաստեցին դրանց, և արդյո՞ք Հայաստանն ապահովագրված է նման արյունոտ իրադարձությունների կրկնությունից:
Արդյո՞ք թավշյա հեղափոխությունը ապահովագրում է այսպիսի դեպքերի կրկնությունից. թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց. «100 տոկոսանոց ապահովագրության մասին դժվար է խոսել, բայց հաստատ շատ է քչացել դրա հավանականությունը, որովհետև թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակի շարունակականությունը պետք է բերի մի հանգրվանի, որի մասին երազում ենք, և այդ մթնոլորտում նման երևույթների դրսևորումը կլինի անիմաստ: Մենք դեռ ընթացքի մեջ ենք, թավշյա հեղափոխությունն իր ավարտական փուլին կհասնի և կմտնի կայուն փուլ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո»:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ էապես նվազել է այն հավանականությունը, որ կարող ենք նման սցենարներ ունենալ, բայց մենք ապահովագրված չենք: «Այնուամենայնիվ, քաղաքական ճգնաժամը Հայաստանում վերջնականապես հաղթահարված չէ, և կհաղթահարվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի կունենան արտահերթ, արդար և թափանցիկ, բոլորի կողմից ընդունված ընտրություններ, և այդ ճանապարհով կձևավորվի իշխանություն: Դրանից հետո նման ուժով ելույթը կդառնա անհավանական:
Խնդիրը հետևյալն էր՝ իշխող կուսակցությունը սերտաճել էր պետական ապարատի հետ, բիզնեսը՝ քաղաքականության հետ… և պայթյուն» տեղի ունեցավ: Պետությունը և հասարակությունը կանգնեցին չափազանց վտանգավոր փաստի առաջ: Սասնա ծռերի» քայլով Հայաստան պետության ապագան վտանգված էր»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































