Նախկին իշխանությունների ամենաանհաջող ծրագրերից մեկը՝ համայնքների խոշորացումն արդեն իսկ տալիս է իր արդյունքները, բայց ոչ սպասված։ Հիշեցնենք, որ նախկին կառավարությունը համոզված պնդում էր, որ համայնքների խոշորացումը հաջողված ծրագիր է և դրա արդյունքում հնարավոր կլինի և՛ բյուջեի միջոցները խնայել, և՛ նպաստել համայնքների համաչափ զարգացմանը։ Այսօր, սակայն, խոշորացված համայնքներում ոչ մեկն է տեղի ունենում, ոչ մյուսը։ Միջոցների խնայման մասին խոսք չկա, ոչ մի հայտարարություն չի եղել, իսկ համաչափ զարգացման մասին խոսելն ավելորդ է։ Դա փաստում են խոշորացված համայնքների բնակիչները։ Նրանց խոսքերով՝ ճիշտ է, խոշորացման արդյունքում կառավարությունից տարբեր ծրագրերով համայնքներին որոշակի օգնություն է տրամադրվում՝ գյուղտեխնիկա, սուբսիդավորմամբ դիզվառելիք ու պարարտանյութեր, սակայն այդ օգնությունը խոշորացված բոլոր համայնքներին չի հասնում։ Օգնությունը, տեխնիկան կենտրոնանում է միայն այն համայնքում, որի համայնքապետը ընտրության արդյունքում դարձել է խոշորացված համայնքի ղեկավար, իսկ այն համայնքները, որտեղից այդ համայնքապետը 100 տոկոս կամ առավելագույն ձայն չի ստացել, հայտնվում են սև ցուցակում ու զրկվում որևէ օգնությունից, աջակցությունից։
Նման վիճակում են հայտնվել մասնավորապես Վայոց ձորի մի շարք համայնքներ։ Խոշորացման արդյունքում մարզի 9 համայնքներ միավորվել էին, և մարզկենտրոնը դարձել է Զառիթափ համայնքը։ Համայնքի ղեկավար ընտրվեց Սիմոն Բաբայանը։ Նախընտրական շրջնում նա խոշորացվող բոլոր համայնքների բնակիչներին արդեն աշխատանքի խոստումներ էր տվել, պաշտոններ, համայնքին տրամադրվող տեխնիկան բաժանել էր գյուղացիների մեջ, մարդիկ արդեն երևակայորեն շահագործում էին այդ տեխնիկան, սակայն հիմա, հատկապես գյուղական աշխատանքների ամենաթեժ ժամանակահատվածում պատկերը բոլորովին այլ է։ Գյուղացիները երբ դիմում են տեխնիկայի օգնության համար, պատասխան են ստանում, որ տեխնիկա չկա, տեխնիկան դաշտում աշխատում է։ Իսկ տեխնիկան աշխատում է միայն այն գյուղերի համար, որտեղից Սիմոն Բաբայանը առավելագույն ձայներ է ստացել։ «Երբ դիմում ենք, ասում են՝ ձեր գյուղը սև ցուցակում է, ձեզ ոչ մի բան չի հասնում, բայց ինչ է նշանակում սև ցուցակ, դա ով է որոշում, մի գյուղապետ, որը 100 տոկոս ձայն չի ստացել մեր համայնքից։ Իսկ ով է ասել, որ ամբողջ գյուղը պետք է նրան ընտրեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին Սերս համայնքի բնակիչները։ Նրանց խոսքերով՝ հարակից գրեթե բոլոր գյուղերում լուծված է լուսավորության խնդիրը, իսկ իրենց համայնքում, որտեղ, ինչպես նշեցինք, Բաբայանը քիչ ձայներ է ստացել, լուսավորություն չկա։ Դիմելու դեպքում նորից նույն պատասխանն են ստանում՝ գյուղը սև ցուցակում է։
Ի դեպ, բնակիչների խոսքերով՝ իրենց գյուղն արդեն ունի նաև ոռոգման ջրի լուրջ խնդիր, որը նախկինում երբեք չի եղել։ Բանն այն է, որ գյուղապետի ազգականը գյուղի ոռոգման ջրի հունը փոխել է և ուղղել հարակից գյուղ, որպեսզի աշխատեցնի իր հէկը։ «Ամբողջ օրը կռիվ է ոռոգման ջրի պատճառով։ Այս շոգ եղանակին այգիները մի անգամ չենք ջրել, ծառերը, բոստանը չորացել է։ Ու դա այն պատճառով, որ ինչ-որ մեկը հէկ է կառուցել ու աշխատեցնում է այն։ Եվ չկա մեկը, ով նրան կասի՝ էս ինչ ես անում, ոնց ես գյուղացու ջուրը կտրում»,- դժգոհեցին բնակիչները։
Ի դեպ, գյուղացիների խոսքերով՝ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, պատրաստվում են բաց նամակով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նկատենք, որ ներկայից կառավարությունը, թերևս հասկանալով համայնքների խոշորացման ծրագրի ձախողված լինելը, արդեն իսկ հայտարարել է, որ խոշորացման հաջորդ փուլը կլինի բացառապես խոշորացվող համայնքների համաձայնությամբ։ Մի բան, որը նախորդ կառավարության ժամանակ չարվեց, և հակառակ համայնքների բնակիչների կամքին, գրեթե պարտադրմամբ համայնքները խոշորացվեցին։ «Դե թող հիմա գան ու տեսնեն իրենց խոշորացված համայնքները»,-դժգոհեցին գյուղացիները։
«Առաջին լրատվական»-ը փորձեց գյուղացիների դժգոհության հետ կապված լսել նաև Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանին։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Մարտիրոս համայնքում գործող ՀԷԿ-ը հունիսի 1-ից չի շահագործվում և չի շահագործվելու մինչև հոկտեմբեր ամիսը։ Եվ դա եղել է իր հրահանգը, որպեսզի գյուղացիները չտուժեն, կարողանան ոռոգում իրականացնել։
Ինչ վերաբերում է գյուղտեխնիկային, ապա գյուղապետը հերքեց նաև այդ բողոքը։ Նրա խոսքով հիմա իրենք անում են առավելագույնը, որպեսզի համայնքները հավասարաչափ օգտվեն տրամադրված օգնությունից։ «Հենց այսօր մենք նոր տեխնիկա ենք ստացել։ Կարտոֆիլ ցանող տեխնիկա, խոտ հավաքող և այլ տեխնիկաներ։ Ես օր ու գիշեր աշխատում են գյուղացիների համար։ Ճանապարհներն ենք նորոգում։ Նույն Սերս համանքի համար մենք խաղահրապարակ ենք կառուցել, ջրագիծ ենք անցկացրել, մակատեղի ենք սարքել։ Անում ենք առավելագույնը, օր ու գիշեր աշխատում ենք, պետք չէ նսեմացնել մեր աշխատանքը»,-ընդգծեց Սիմոն Բաբայանը։










































